Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 3-ի մամուլ


«Ժամանակ» թերթը գրում է․ - «Հայ ազգային կոնգրեսը օրերս թարմացրել էր Մարտի 1-ի թեման եւ օրինագիծ էր ներկայացրել ԱԺ հանձնաժողով ձեւավորելու մասին։ Սակայն ներկայումս, երբ ՀԱԿ-ԲՀԿ ջերմության բռնկում է արձանագրվում, ՀԱԿ-ը կարծես թե վերստին խնամքով լռեցնում է Մարտի 1-ի թեման։ Եվ այս ամենից այնպիսի տպավորություն է ստացվում, որ ՀԱԿ-ի համար այս թեման դարձել է ԲՀԿ հետ փոխհարաբերություններում գործիքներից մեկը, որով ՀԱԿ-ը փորձում է մի փոքր ծանրացնել այս հարաբերություններում իր շատ թեթեւ դիրքերը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրություններին մոտ Մարտի 1-ի թեման կդառնա ներքաղաքական օրակարգի թեմաներից մեկը, եւ՝ անկախ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի, այսպես ասած, առաջնորդների կամքից։ Բանն այն է, որ այս թեման կարող է զգալիորեն ձեռնտու լինել Սերժ Սարգսյանին, եթե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը նրա համար ստանա որոշակի ահագնացող բնույթ եւ սկսի որոշակիորեն անկառավարելի հեռանկարներ կամ միտումներ ցուցաբերել»։

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք․ - «Ընդունենք` արդեն փետրվարի 10-ն է, եւ ընտրություններին մնացել է հազիվ մեկ շաբաթ: ՀՀ նախագահի թեկնածու են առաջադրվել գործող նախագահը, Պարույր Հայրիկյանը, Տիգրան Կարապետիչը, Րաֆֆին ու մի խումբ «էպոսագետներ»: Մեծ հաշվով՝ այլընտրանքի բացակայություն: Արդյունքում՝ քվեարկության մասնակիցների աննախադեպ քիչ քանակ: Սերժ Սարգսյանը նախագահ է ընտրվում 78 կամ 88 տոկոս ձայներով, նրա մերձակա մրցակիցը հավաքում է 1,5 տոկոս: Ի՞նչ է խոսում սա մեր երկրի ու հասարակության մասին: Նախեւառաջ այն, որ մենք հետեւողականորեն, քայլ առ քայլ ոչնչացրել ենք ընտրական համակարգը եւ վերադարձել սովետական «հին-բարի» ավանդույթներին: Երբ ընտրում էին մեկ թեկնածուից: Սա նաեւ վկայում է այն մասին, որ մենք պայքարի հակված ժողովուրդ չենք՝ ցանկացած ճնշման ու պարտադրանքի դեպքում անմիջապես հանձնվում ենք ու հարմարվում ստրուկի կարգավիճակին: Իսկ ստրուկներին, համաձայնեք, ոչ միայն չեն սիրում, այլեւ նրանց ոչ մի լավ բան չի սպասվում»։

«Հայոց աշխարհ» թերթն արձագանքում է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին իր մտադրությունը հայտնած Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե՝ «պատրաստ եմ քաղաքացիական պայքարը տանել ոչ թե մինչեւ վերջ, որովհետեւ վերջը շատ ուշ է, այլ մինչեւ ժողովրդին պատկանող, ժողովրդին վայել հաղթանակ, եթե ժողովուրդը ցանկանա, եթե ժողովուրդը պատրաստ լինի եւ եթե, ի վերջո, մեր ժողովուրդը՝ մեր երկրի տերը, պատրաստ է իր գործը եւ խոսքը մեկ անել»։ Թերթը մեկնաբանում է․ - «Ցավոք, նա այդպես էլ չբացատրեց, թե ինչպե՞ս է ղեկավարելու քաղաքացիական պայքարը, եթե չկարողացավ լեզու գտնել դաշնակից կուսակցության հետ եւ գլուխ հանել 5-հոգանոց խորհրդարանական խմբակցությունը ներսից պայթեցրած մեծուփոքր հակասություններից»։

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է հայաստանյան քաղաքական գործիչների հետ՝ փորձելով պարզել, թե վերջիններս Միացյալ Նահանգների նախագահի առաջիկա ընտրություններում ո՞ր թեկնածուի շանսերն են առավել բարձր գնահատում։ Թերթում կարդում ենք․ - «ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժվարացավ ասել, թե ով կհաղթի։ Նա թեկնածուների մեջ որեւէ տարբերություն չի տեսնում։ Ավելին՝ նրա խոսքով տարբերություն փնտրելը նման կլինի խոտի դեզի մեջ ասեղ ման գալուն։ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը թերթի հետ զրույցում հրաժարվում է որեւէ գնահատական տալ՝ ասելով, որ պատշաճ տեղեկություններ չունի։ Թեկնածուների մասին իր վերաբերմունքը հրապարակավ հայտնելուց հրաժարվում է նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը։ Նա ոչ մեկին նախապատվություն չի տալիս եւ հիշեցնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տեսակետը՝ ով ուզում է՝ հաղթի։ Դաշնակցական պատգամավորը տոկոսով գնահատելը ճիշտ չի համարում․ - «Կարծում եմ՝ բնական աղետը, որ հարվածեց Ամերիկային, մի քիչ ավելի շատ շանս է տալիս գործող նախագահին, որովհետեւ գործող նախագահը կոնկրետ գործողություններ է սկսում իրականացնել եւ դա որոշ աջակիցների նոր շարքեր է ընդգրկում, որոնք հնարավոր է՝ առաջ չընտրեին», - ասում է Վահան Հովհաննիսյանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG