Մատչելիության հղումներ

Այսօր այդ մասին հայտնի դարձավ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հրավիրված հակակոռուպցիոն խորհրդի նիստից հետո:

Նիստին մասնակցած Դաշնակցության եւ «Ժառանգության» ներկայացուցիչները լրագրողներին փոխանցեցին, որ իրենց քաղաքական ուժերը կառավարություն են ներկայացրել գրավոր առաջարկություններ, թե ինչպես կարելի է արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ Հայաստանում:

«Առաջարկությունը, որ պայքարենք համատեղ՝ մենք ասացինք, որ ընդունում ենք եւ ներկայացնում ենք առաջարկություններ», - նշեց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, - «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի նաեւ ընդդիմության ակտիվ մասնակցությամբ, այդ թվում նաեւ կարեւորագույն վերահսկողական եւ ազդեցիկ լծակներում ընդդիմությանը բացահայտելու եւ պատժի կիրառման ժամանակ մոնիթորինգ իրականացնելու հարցում։ Մենք պայմանավորվեցինք, որ առաջարկությունները կներկայացնենք։ Հույս ունենք, որ առաջիկայում ավելի հիմնավոր ձեւով կպատասխանեն մեր առաջարկություններին»։

«Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին, ով նույնպես այսօր մասնակցել էր Կառավարությունում հրավիրված հակակոռուպցիոն խորհրդի նիստին, հարցրեցինք, թե հավատու՞մ է, որ իշխանությունները իսկապես որոշել են պայքար սկսել կոռուպցիայի դեմ:

«Ես որեւէ գնահատական չեմ տա։ «Ժառանգության» կողմից հստակ առաջարկություններ են ներկայացվել՝ 26 կետից բաղկացած։ Թե ինչպիսի՞ն կլինի հետագա քայլերը իշխանության, դա արդեն իրենց որոշելիքն է», - պատասխանեց «Ժառանգության» ներկայացուցիչը։

Կառավարության այսօրվա նիստին չէին մասնակցում Հայ ազգային կոնգրեսն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց, թե իրենք չեն վստահում իշխանությունների հակակոռուպցիոն նախաձեռնություններին, քանի որ՝ «Հայաստանում կոռուպցիան ունի համակարգային բնույթ, որի վերեւում կանգնած է Սերժ Սարգսյանը, ուստի իրենք իրենց դեմ չեն պայքարի»:

«Մենք տեսական լեկցիաների կարիք չունենք, եւ պահանջում ենք, որ իշխանությունները կոռուպցիօայի դեմ պայքարում կիրառեն գործնական քայլեր»,- կառավարությունում այսօր տեղի ունեցած հակակոռուպցիոն խորհրդի նիստին ԲՀԿ-ի չմասնկացելը մեզ հետ զրույցում այսպես բացատրեց կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Այս քննադատություններն այսօր ուղղեցինք Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ով նույնպես մասնակցել էր խորհրդի նիստին։

«Նախագահը, իշխանությունը իրականացնում են իրենց վրա դրված պարտավորությունները։ Կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելիս պետք է իրենք նայեն վիճակագրությունը եւ տեսնեն՝ այս տարիների ընթացքում ինչքան բարձրաստիճան պաշտոնյա ձերբակալվել է, ինչքան կոռուպցիոն գործեր են եղել նաեւ իշխանական ներկայացուցիչների դեմ», - պատասխանեց իշխող կուսակցության ներկայացուցիչը։

Կառավարությունում այսօր տեղի ունեցած նիստում ելույթով հանդես է եկել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով, շնորհակալություն է հայտնել քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ մասնակցության համար, եւ նշել. - «Մենք բաց ենք քննարկումների համար եւ այս ֆորմատը մշտապես պահպանելու ենք: Ակնհայտ է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ստեղծված իրավիճակը մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը խիստ գնահատականներ է տվել եւ մեզնից վճռական քայլեր է պահանջում, որոնք կարող ենք իրականացնել միայն համատեղ ջանքերով»:

Կառավարությունում տեղի ունեցած հակակոռուպցիոն խորհրդի նիստին մասնակցել են նաեւ պետական մի շարք գերատեսչությունենրի ղեկավարներ՝ այդ թվում գլխավոր դատախազը, ոստիկանապետը եւ նախագահի վերահսկողական ծառայության պետը:
XS
SM
MD
LG