Մատչելիության հղումներ

Դատախազությունում սպասվում են նոր պաշտոնանկություններ


ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից հրավիրված հակակոռուպցիոն նիստից հետո Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, նշեց, որ դատախազությունում սպասվում են նոր պաշտոնանկություններ:

Հիշեցնենք` գլխավոր դատախազի հրամանով օրերս աշխատանքից ազատվեց Կոտայքի մարզի դատախազության դատախազ Մեսրոպ Մանրիկյանը:

Գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին հաստատել էին, որ Մանրիկյանին պաշտոնից ազատելու դրդապատճառը «Ռեգնում» գործակալության երեւանյան բյուրոյի ղեկավար Ռուբեն Գրձելյանի գործն է: Այս տարվա մայիսին Գրձելյանը հայտարարել էր, որ դատախազ Մանրիկյանը մի քանի հոգու հետ միասին իրեն ծեծի է ենթարկել երեխաների, կնոջ եւ մոր աչքի առջեւ: Իսկ պատճառը եղել էր այն, որ իր մանկահասակ երեխաները խանգարել էին բակից դուրս եկող դատախազի որդու ավտոմեքենային: Դա դուր չէր եկել Մանրիկյանին եւ նա ապտակել էր լրագրողին, այնուհետեւ ծեծին միացել էր դատախազի որդին:

Մանրիկյանի պաշտոնանկությանը նախորդել էր նախագահ Սերժ Սարգսյանի` մի քանի օր առաջ դատախազության հասցեին հնչեցրած սուր քննադատությունը։ Նախագահը, մասնավորապես, ասել էր, թե անմեղ մարդկանց մեղադրանքներ են առաջադվրում:

Այսօր Աղվան Հովսեփյանին հարցրեցինք` ի՞նչ կասի նախագահի նշված քննադատության կապակցությամբ եւ ինչպե՞ս կարձագանքի իր հասցեին հնչող քննադատությանը, թե ի՞նչ է` Հայաստանի գլխավոր դատախազը տեղյակ չէ՞ր իր ղեկավարած կառույցում տիրող իրավիճակից, քանի որ պաշտոնանկություն տեղի ունեցավ միայն Սերժ Սարգսյանի նշված խորհրդակցությունից հետո:

«Նիստ հրավիրեցինք եւ բոլոր հարցերը քննարկեցինք այնտեղ։ Հանրությանը տեղեկացրել ենք, դուք նույնպես պետք է որ տեղեկացված լինեք այդ մասին», - արձագանքեց Աղվան Հովսեփյանը։
XS
SM
MD
LG