Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցել է Թեմական ներկայացուցչական ժողովին եւ իր խոսքում անդրադարձել մի շարք եկեղեցական եւ ազգային հարցերի։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Թեմական ներկայացուցչական ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական եւ ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը եւ նախաձեռնությունները:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Հանրապետության ղեկավարը հանդես է եկել ժողովականներին ուղղված ողջույնի խոսքով, որում, կարեւորելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը, որն ունի «համահայկական ընդգրկում եւ նշանակություն», մասնավորապես խոստացել է․ - «Դուք այսուհետ եւս եւ ավելի մեծ չափով կարող եք ակնկալել հայոց պետականության համակողմանի աջակցությունը: Դուք ասելով՝ ես նկատի ունեմ եւ՛ Հայ Առաքելական Եկեղեցին՝ իր բոլոր թեմերով, եւ՛ նրա սպասավորներին, եւ՛ այն աշխարհականներին, ովքեր այսօր մեր Եկեղեցու կողքին են՝ հոգով, սրտով, կազմակերպչական ջանքով, դրամական աջակցությամբ կամ բարի խոսքով»:

«Կոչ չենք անում լքել Սիրիան»


Նախագահն իր խոսքում անդրադարձել է սիրիահայության խնդրին, նշելով, որ այստեղ անելիք ունեն ե՛ւ Եկեղեցին, ե՛ւ պետությունը, ե՛ւ Սփյուռքը։

«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. մենք կոչ չենք անում մեր սիրիահայ եղբայրներին լքել Սիրիան: Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականորեն ձեւավորված, ամուր ու կենսունակ համայնքներից է, եւ մենք հույս ունենք, որ գալու են խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի եւ նրա հայ քաղաքացիների համար: Համայն հայությունը, այդ թվում եւ Հայաստան պետությունը, պետք է օգնեն նրանց, ովքեր մնում են Սիրիայում՝ պահպանելու հայկական օջախը: Մյուս կողմից մենք ասում ենք, որ եթե մարդը, այնուամենայնիվ, որոշել է արտագաղթել Սիրիայից, ապա գերադասելի է, որ նա գա Հայաստան: Այս դեպքում եւս համայն հայությունը, այդ թվում եւ Հայաստանը, պետք է օգնեն նրան հաստատվելու եւ նոր արմատներ գցելու հայրենիքում», - այս առնչությամբ ասել է Սերժ Սարգսյանը։

«Արդարության միջավայրի հաստատում»


«Այսօր կարեւոր փոփոխությունների փուլ է մտել նաեւ մեր երկիրը: Ձերբազատվելով կործանարար տնտեսական ճգնաժամի հետեւանքներից՝ մենք ձեռնամուխ ենք եղել մեր երկրի զարգացմանը նոր թափ հաղորդելու գործին», - իր խոսքում նաեւ ասել է Սերժ Սարգսյանը՝ վերահաստատելով իր վարչախմբի վճռականությունը՝ «կարգ ու կանոն հաստատելու պետական ողջ համակարգի գործունեության բոլոր ոլորտներում»:

Նախագահը հավաստիացրել է, որ կեղծիքները, պաշտոնեական դիրքի չարաշահումները, տմարդի արարքներն առանց բացառությունների պատժվելու են՝ պատժվելու են հրապարակավ «որպեսզի դաս լինեն եւ մեկընդմիշտ մերժվեն մեզանում»:

«Լուրջ առաջընթաց ունենք խոսքի ազատության բնագավառում. մեզ հաջողվեց այս հարցում առաջ անցնել շատ ու շատ երկրներից, այդ թվում եւ զարգացած երկրներից։ Մի բան, որով կարելի է հպարտանալ, եւ որը պետք է ամեն գնով պահպանել», - նաեւ ասել է Սերժ Սարգսյանը ու հավելել, որ՝ «այժմ մենք կտրուկ փոփոխությունների ենք գնում երկրում արդարության միջավայրի հաստատման հարցում»:

«Արդարության ընկալման վրա խարսխված հասարակական հարաբերությունները եւ վստահությունը արդարադատության համակարգի հանդեպ չափանիշներ են, որոնց մենք ձգտում ենք, որոնց ուղղությամբ սկսել ենք հաստատակամորեն առաջ շարժվել եւ կարճ ժամանակահատվածում արդյունքներ ենք ունենալու», - մանրամասնել է Հանրապետության ղեկավարն ու ընդգծել․ - «Մենք պետք է յուրաքանչյուր քաղաքացու համար երաշխավորենք ապահով երկիր, ապահով հայրենիք եւ ապահով ընտանիք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG