Մատչելիության հղումներ

Ցեղասպանության ճանաչման պահանջ` ասորիների կողմից


Իրաք - Ասորիները Իրբիլում կայացած փառատոնի ժամանակ, սեպտեմբեր, 2012թ.
Իրաք - Ասորիները Իրբիլում կայացած փառատոնի ժամանակ, սեպտեմբեր, 2012թ.

Սա երիտթուրքերին նետված երկրորդ մարտահրավերն է՝ ընդգծում է Economist-ը։

Աշխարհով մեկ սփռված ասորիները պահանջում են միջազգայնորեն ճանաչել թուրքերի կողմից 1915 թվականին իրենց նախնիների նկատմամբ կատարված ցեղասպանությունը, գրել է հեղինակավոր Economist-ը` ընդգծելով, որ սա երիտթուրքերին նետված երկրորդ մարտահրավերն է՝ Հայոց ցեղասպանության մասին մեղադրանքներից հետո։

Պարբերականը նշում է, որ այդ տարիներին Թուրքիայում սպանված մոտ մեկ միլիոն հայերի վերաբերյալ բազմաթիվ փաստագրական ապացույցներ կան, սակայն շատ քիչ բան է հայտնի տասնյակ հազարավոր ասորիների մասին, որոնք եւս ընկան հայեր հետ Օսմանյան կայսրությունում։

Մինչդեռ այժմ Ստոկհոլմից մինչեւ Սիդնեյ՝ ասորիների՝ ավելի ու ավելի հաճախ իր խնդիրների մասին բարձրաձայնող համայնքը լոբբիստական աշխատանքներ է տանում այդ սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու համար, ընդգծում է Economist-ը։

Պարբերականը պատմական հայացք է նետում այդ իրադարձություններին` արձանագրելով, որ երբ երիտթուրքերը 1915 թվականին քրդերին ներքաշեցին հայերի զանգվածային սպանությունների մեջ, մահմեդական հոգեւորականները գոտեպնդեցին իրենց հոտին՝ ասելով, թե նրանք, ովքեր կսպանեն քրիստոնյայի, կարժանանան հարստության ու գեղեցիկ աղջիկների եւ կերաշխավորեն իրենց տեղը երկնքում։

Հոդվածագիրը փաստում է, որ 1915 թվականի հարյուրամյակին ընդառաջ՝ Թուրքիայի սկսած հակաքարոզչական արշավի կիզակետում է հայտնվել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող ասորական Մոր Գաբրիել մենաստանը, որի հողային հարստության նկատմամբ հավակնություններ էին ներկայացրել նախ շրջակա գյուղերում ապրող քրդերը, հետո՝ Թուրքիայի պաշտոնական կառույցները։

«Ի վերջո, դատարանը բավարարել էր Թուրքիայի կառավարության պահանջը՝ չնայած 4-րդ դարում կառուցված վանական համալիրը մի շարք փաստաթղթեր էր ներկայացրել սեփականության իր իրավունքն ապացուցելու եւ տասնամյակներ շարունակ հարկեր վճարելու վերաբերյալ», - նշում է Economist-ը։

Խնդրի լուծմանը չէին նպաստել անգամ ասորիների հանդիպումները Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ, փոխարենը` երկուսն էլ առիթը բաց չեն թողել՝ քննադատելու արտերկրում ապրող ասորիների հայտարարությունները ցեղասպանության վերաբերյալ։

«Այժմ սեփական հողերը պաշտպանելու համար վանական համալիրը դիմել է վերաքննիչ դատարան, այդուամենյանիվ, ասորի եպիսպոպոսը վստահ է՝ իրական արդարադատությունը սահմանելու է Աստված», - եզրափակում է հեղինակավոր պարբերականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG