Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ, Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու ծրագրեր չունի:

Նախագահական ընտրություններից առաջ ստեղծված իրավիճակը, Շահնազարյանի ձեւակերպմամբ` աննախադեպ է, փորձ է արվում Հայաստանում հաստատել երկկուսակցական քաղաքական համակարգ` ՀՀԿ եւ ԲՀԿ բեւեռներով:

Այդ կուսակցությունները, ինչպես լրագրողների հետ հանդիպմանը որակեց Շահնազարյանը` քրեաօլիգարխիկ համակարգի մասեր են: Իսկ Հայ ազգային կոնգրեսը, ընդդիմադիր դաշինքի նախկին ղեկավար անդամի կարծիքով, ինքնուրույն քաղաքական գործոն չէ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը որեւէ քաղաքական ընտրություն չունի: Այսինքն` սպասվում է ոչ թե ընտրություն, այլ քվեարկություն», - հայտարարեց նա:

Իշխանությունները, Շահնազարյանի համոզմամբ, ապացուցել են, որ չեն ուզում ոչինչ փոխել: Իսկ մյուս բեւեռը` «Բարգավաճ Հայաստան»-ը, անգամ առաջարկներ չունի, որովհետեւ այդ կուսակցությունը «ինքնուրույն միավոր չէ, այլ ընդամենը Ռուսաստանի շահերի ներկայացուցիչն է»:

«ԲՀԿ-ն իր արբանյակներով կամ առանց արբանյակների, ըստ էության, ներկայացնում է իրենից այն պահանջները, որ այսօր Ռուսաստանն է ներկայացնում Հայաստանի իշխանություններին: Քաղաքական իմաստով անվերապահ պահանջն է, որպեսզի Հայաստանը մաս կազմի Եվրասիական միությանը: Եվ երկրորդ պահանջը` որ ըստ էության Ռուսաստանին հանձնվի գործադիր իշխանության կարեւորագույն լծակների տնօրինումը: Սրանով Ռուսաստանը պահանջում է, որպեսզի իր վերահսկողության տակ լինեն Հայաստանի հարաբերությունները Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ», - նշեց նա:

Թե' Հանրապետականը, թե' «Բարգավաճ Հայաստան»-ը, Դավիթ Շահնազարյանի խոսքով, ի վիճակի չեն ձեւավորել Հայաստանի քաղաքական օրակարգը. - «Հիմա այդ օլիգարխիկ եւ օլիգարխիկ պայքարում, եթե այս կարճ ժամանակահատվածում տեղի չի ունենում հրաշք եւ չի ձեւավորվում լիբերալ-դեմոկրատական ընդդիմություն, ապա որեւէ էական նշանակություն չեն ունենա մյուս թեկնածուները: Շատ թեկնածուներ, կարծում եմ, կառաջադրվեն որպես այս երկու բեւեռներից որեւէ մեկի կցորդներ»:

ՀԱԿ-ի նախկին ղեկավար անդամը կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը եւս ստեղծված իրավիճակի վրա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ:

Հարցին, թե հնարավոր է, որ ՀԱԿ-ից հեռացած գործիչներից ձեւավորվի այդ ընդդիմությունը, Շահնազարյանը պատասխանեց. - «Առայժմ նման որեւէ քննարկում այդ միավորների հետ ես չեմ ունեցել ընդհանրապես»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ԲՀԿ-ն սեփական թեկնածուո՞վ կմասնակցի ընտրություններին, թե՞ խնդիրը գործադիրում ազդեցություն ունենալն է, Շահնազարյանն արձագանքեց, թե թեկնածու առաջադրել-չառաջադրելը ոչ թե «Բարգավաճ Հայաստան»-ի, այլ Ռուսաստանի որոշելիքն է: Նա չբացառեց, որ ՀԱԿ-ը եւս ռուսական ազդեցության տակ է:

«Որոշումը կայացվելու է Մոսկվայում, եւ առայժմ Մոսկվայի դիրքը շատ կոշտ է: Քաղաքական պահանջներից բացի, դրված է, ըստ էության, գործադիր իշխանության կարեւոր լծակները Մոսկվայի կառավարմանը տալու պահանջ», - ասաց նա:

Դավիթ Շահնազարյանը աշխատում էր չպատասխանել ՀԱԿ-ին վերաբերող հարցերին: Հնչած բազմաթիվ հարցերից հետո, սակայն, ասաց, թե, իր կարծիքով, ազդեցությունը պահպանելու համար պարտադիր չէր, որ ՀԱԿ-ը գնար համագործակցության «Բարգավաճ Հայաստան»-ի հետ:

«Կոնգրեսն ուներ այլընտրանք», - հավելեց նա:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG