Մատչելիության հղումներ

Գյումրիի նորընտիր քաղաքապետը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հետ հանդիպմանը արտոնություններ է խոստացել հնարավոր ներդրողներին:

Դեսպան Ջոն Հեֆերնը Գյումրիի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր ունի նորընտիր քաղաքապետը քաղաքում աշխատատեղեր ու ներդրումներ ապահովելու ուղղությամբ եւ ասաց. - «Նախկինում, եթե անկեղծ լինեմ, բազմաթիվ միջազգային կառույցներ դժկամությամբ էին համագործակցում Գյումրու հետ: Թափանցիկ ու բաց միջավայր ձեւավորելը կնպաստի, որպեսզի միջազգային գործընկերներն աշխատեն այստեղ»:

Ի պատասխան Բալասանյանն ասաց, թե որոշել են թափանցիկությունն ապահովելու նպատակով հատուկ ցուցատախտակ փակցնել քաղաքապետարանի շենքին, որը հնարավորության կտա ամեն օր իրազեկել բնակչությանը, թե ինչպես են ծախսվում հավաքագրվող գումարները:

Անդրադառնալով ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը` քաղաքապետը հայտնեց. - «Ես նույնիսկ պատրաստ եմ հողատարածքներ տրամադրել բիզնեսին` մեկ դրամով մեկ հեկտարը` միայն որ կարողանանք աշխատատեղեր ստեղծել: Այսինքն` տալ արտոնություններ, նաեւ տալ համապատասխան հնարավորություն` հողատարածքներ, շենքեր, որպեսզի կարողանանք աշխատատեղեր ստեղծել»:

Ջոն Հեֆերնի խոսքով, սակայն, գլխավորը հուսալի գործընկեր ունենալն է. - «Ես ԱՄՆ-ի շատ գործարարների հետ եմ խոսում: Ե’վ հարկային արտոնությունները, ե’ւ հողի տրամադրման արտոնությունը շատ կարեւոր են, բայց գործարարների համար առաջնայինն այն է, թե կա արդյոք լավ գործընկեր: Հարկային արտոնությունները եւ հողի տրամադրումը չեն կարող գրավիչ լինեն բիզնեսի համար, եթե դուք ձեր թիմով բաց ու թափանցիկ միջավայր չստեղծեք, լավ, թափանցիկ գործընկեր չլինեք»:

Բալասանյանը առանձնացրել քաղաքի զարգացման երեք ուղղություն` մշակույթ, տուրիզմ եւ սպորտ: Քաղաքապետը հույս հայտնեց, որ Մշակույթի եւ Սպորտի ու սրիտասարդության հարցերի նախարարությունները կփոխադրվեն Գյումրի:

Քաղաքապետի խոսքով, Գյումրին շատ բան ունի ցույց տալու զբոսաշրջիկներին, սակայն ենթակառուցվածքներ չկան: Նա նաեւ տեղեկացրեց, որ վերականգնվելու է մի քանի առաջ լուծարված «Կումայրի» արգելոց-թանգարանը:
XS
SM
MD
LG