Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյան․ ՀԱԿ-ում որոշ մարդիկ շտապում են


ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը քննադատում է իր գործընկերների պահվածքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության առումով։

Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) որոշ մարդիկ շտապում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հետ համագործակցության առումով: Նման հայտարարություն արեց Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը` այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ՀԱԿ-ում, այնուամենայնիվ, ի՞նչ դիրքորոշում կա ԲՀԿ-ի հետ համագործակցության առնչությամբ։

Վերջերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե այսօր Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու ունակ երկու խոշոր քաղաքական ուժ կա` «Բարգավաճ Հայաստան»-ը եւ ՀԱԿ-ը, որոնք կարող են համախմբվել երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու, բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու համար: Մինչդեռ ավելի ուշ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ դա ոչ թե Կոնգրեսի, այլ Զուրաբյանի անձնական տեսակետն է:

Բագրատյանը եւս հավաստիացրեց, որ դա Զուրաբյանի անձնական կարծիքն է եղել եւ շեշտեց՝ «ինքն էլ ասել է, որ դա իր անձնական կարծիքն է, անկասկած իր անձնական կարծիքն է»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ իսկ Կոնգրեսն այսօր ի՞նչ է մտածում ԲՀԿ-ի հետ համագործակցության առումով, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց․ - «Մի անգամ չէ, որ հարցրել եմ, նաեւ մամուլում ասել եմ՝ ի՞նչ լուրջ բան կա «Բարգավաճ»-ի հետ՝ բացատրեք իմանանք։ Ինձ ասել են, որ առանձնապես բան չկա՝ մարտավարության հարցեր են։ Բայց մարտավարություն՝ մարտավարություն, ես տեսնում եմ, որ շատ մարդիկ, հենց սկսում են խոսել, անպայման սկսում են «Բարգավաճ»-ից։ Եվ չեմ բացառում, որ տակը բան էլ չկա։ Եվ եթե տակը բան էլ չկա, վաղը, մյուս օր հերթական անգամ մի հիմար կացության առաջ կկանգնենք»։

«[Թե] ինչքա՞ն է այդտեղ լուրջ, ինձ ոչինչ հայտնի չէ»,- շարունակեց նախկին վարչապետը, - «Սովորաբար, քանի որ կարեւորագույն որոշումները քննարկվում են, որեւէ որոշում «Բարգավաճ»-ի կամ այլ կուսակցության մասով, մենք չենք քննարկել, ինձ քննարկման չեն հրավիրել։ Մի հանգամանք էլ՝ իմ կարծիքով որոշ մարդիկ այդտեղ շտապում են։ Օրինակ՝ նրանք, որոնք հայտարարում են, որ՝ այս ուժը սենց, այսպես․․․ եթե տեսնում եք՝ «Բարգավաճ»-ն ավելի զգույշ է արտահայտվում եւ ճիշտ է անում։ Հիմա՝ մենք սովոր ենք, որ քննարկում լինի։ Դրան պատասխանվել է, թե քննարկում եղել է օգոստոսին եւ իբր լիազորել ենք ինչ-որ խոսել այդ մասին։ Գիտեք ինչ կա՝ ես չեմ սիրում դա։ Ես իմ ընկերներին էլ զգուշացնում եմ եւ աշխատում եմ՝ ՀԱԿ-ում դա չլինի։ Սենց կառչելով, թե օգոստոսին սենց քննարկում եղավ` փորձել արդարացնել․․․ կարծում եմ ջուրը մտնելուց առաջ բոբիկանալ պետք չէ։ Կգա ժամանակը՝ կտեսնենք»։

Տեր-Պետրոսյանը «անառարկելի» թեկնածու է


Բագրատյանից նաեւ հետաքրքրվեցինք` նախագահական ընտրություններին այդքան էլ շատ ժամանակ չի մնացել, եւ ի՞նչ են մտածում Հայ ազգային կոնգրեսում, առաջադրվելո՞ւ է արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ եթե ոչ, ապա ո՞վ կարող է առաջադրվել ՀԱԿ-ից:

«Ինձ ոչինչ հայտնի չէ այդ մասին։ Տեր-Պետրոսյանը մեզ համար շատ ընդունելի եւ անառարկելի թեկնածու էր, թեկնածու էլ է։ Ի՞նչ կորոշի նա՝ չեմ կարող ասել։ Առաջիկայում հնարավոր է հանդիպում լինի», - նշեց ՀԱԿ ներկայացուցիչը։

«Սկսենք հարկելուց»


Այսօրվա ասուլիսին Հրանտ Բագրատյանն անդրադարձավ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ իշխանությունների վերջին հայտարարություններին:

Ինչպես հայտնի է՝ երեկ Կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու ինքը զրուցել են երկրում կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մասին` նշելով, թե Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում։

Բագրատյանն ասաց, որ թերահավատ է իշխանությունների այդ` հերթական նախաձեռնության առնչությամբ։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչի՞ց պետք է սկսել պայքարը կոռուպցիայի դեմ, նախկին վարչապետը նշեց․ - «Սկսենք հարկելուց։ Հայտնի բան է, որ բոլորը չեն հարկվում եւ հայտնի բան է, որ Հանրապետության ղեկավարի կողմից ցուցում կա՝ ով հարկվի, ով չհարկվի։ Ինչի՞ մասին է խոսքը, չգիտե՞ք որտեղ է կոռուպցիան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG