Մատչելիության հղումներ

logo-print

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմի վերանորոգման պատճառով թատերախմբերը նոյեմբերի 1-ից երկու ամսով ստիպված են փորձերն անել այլ վայրերում:

Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ սիմֆոնիկ նվագախումբը կաշխատի Երեւանի պետական կոնսերվատորիայում, երգչախումբը՝ Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիկ համերգասրահում:

Թատրոնի բալետային խմբի փորձերի հետ կապված խնդիրներն այժմ հարթվել են, լրագրողներին փոխանցեց գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, եւ չնայած այժմ ավելի քիչ ժամանակ են տրամադրելու փորձերին, այդուհանդերձ, դրանք տեղի կունենան. բալետային խումբը փորձերը կանցկացնի Հայաստանի պետական Մանկավարժական համալսարանում:

«Իհարկե թատրոնում փորձեր անում էինք 7 ժամ 3 դահլիճներում, այժմ 1 դահլիճ է եւ օրական 3 ժամ: Պետք է կարողանանք մեր ֆիզիկական պատրաստվածությունը պահպանել եւ ներկայացումներ տալ», - ասաց Ռուդոլֆ Խառատյանը:

Ամեն դեպքում նոյեմբերի 6-ին նախատեսված «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետը կխաղան, բայց Սունդուկյանի անվան թատրոնում:

«Այս ներկայացումը հայտարարել ենք բաց դռների երեկո, այսինքն հանդիսատեսը կարող է գալ եւ դիտել մեր զգեստներով, բայց ոչ դեկորներով լիարժեք փորձը անվճար: Ներկայացման վերջում կլինի հարցուպատասխան հանդիսատեսի եւ գլխավոր դերակատարների միջեւ», - նշեց Խառատյանը:

Օպերայի եւ բալետի թատրոնի բեմի վերանորոգման աշխատանքները սկսվել են մայիս-հունիս ամիսներից: Տնօրենի խոսքով այժմ դրանք անցել են երկրորդ փուլ, երբ պիտի կատարվեն նոր տեխնիկայի տեղադրման աշխատանքները: Զրուցակիցներիս ձեւակերպմամբ` բեմի ողջ տեխնիկան հին էր եւ փոխվելու կարիք ուներ, քանի որ վերջին անգամ վերանորոգում կատարվել էր 1980-ական թվականներին:

Օպերայի եւ բալետի թատրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Ազաբաբյան փոխանցեց, որ այժմ դեկորացիաները կառավարվելու են համակարգչային համակարգի միջոցով, երբ հնարավոր կլինի դրանք կառավարել մինչեւ 5 սանտիմետր ճշգրտությամբ, նախկին 15-ից 20-ի փոխարեն:

«Վերազինվելու են ձայնային, լուսային սարքավորումները, հատակը՝ մոտ 1200քմ եւ մյուս անհրաժեշտ պարագաները», - ասաց նա:

Թատրոնի վերանորոգման ընթացքում պահվելու է աշխատողների աշխատավարձի 1/3-ը` պասիվ աշխատանքային գրաֆիկի պատճառով: Վերազինման աշխատանքների համար պետբյուջեից տրամադրվել է 6-8 միլիոն եվրո, նախագծով թատրոնը պիտի հանձնվի 2013-ի հունվարի 31-ին:
XS
SM
MD
LG