Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը ՍԴ-ում պաշտպանում է կրթության իրավունքը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելու կառավարության այն որոշման սահմանադրականությունը, որով արդեն երեք տարի Երեւանի պետական համալսարանի «իրավագիտություն» եւ «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով անվճար ուսումնառության տեղեր չեն նախատեսվում։

Օմբուդսմենը գտնում է, որ նման որոշումը հակասում է Սահմանադրությանը, համաձայն որի` յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք։ «Բացի այդ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար պետք է սահմանի պետական պատվեր` ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների` յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր` առնվազն տաս տոկոսի սահմաններում», - ասված է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

Թեեւ խնդրի կապակցությամբ Անդրեասյանի գրությանը կրթության եւ գիտության նախարարությունը պատասխանել է, որ նշված սահմանափակումը օրենքի խախտում չէ, այդուհանդերձ, օմբուդսմենը այն դիտարկում է որպես օրենքի կոնկրետ պահանջի խախտում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG