Մատչելիության հղումներ

Ավտովթարի հետեւանքով 4 զինծառայող մահացել է, կա 15 վիրավոր


Armenia -- Soldiers march to a military exercise.
Armenia -- Soldiers march to a military exercise.
Պայմանագրային զինվորներ տեղափոխող ավտոմեքենան հինգշաբթի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին վթարի է ենթարկվել: Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով բեռնատարի վարորդը եւ երկու զինծառայող մահացել են: Հոսպիտալի ճանապարհին մահացել է եւս մեկ զինծառայող:

Մահացածների անունները հայտնի են` պայմանագրային զինվորներ Մանվել Ապիջանյանը, Սանասար Փիլոյանը, Գագիկ Վարդանյանը եւ մեքենայի վարորդը` եֆրեյտոր Արթուր Երեմյանը:

Վթարից անմիջապես հետո 15 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտացվել են Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ այսօր ժամը 8:30-ին տուժածներից վեցը տեղափոխվել են Երեւան: Իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ զինվորներից մեկի վիճակը ծանր է:

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության սպա Մերի Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում ասաց, որ դեռեւս ճշտվում են, թե ինչ հանգամանքներում է մեքենան գլորվել ձորը:

«Շրջվել է, բայց ինչպես է եղել եւ ինչից է եղել, հիմա չենք կարող ասել», - ասաց Սարգսյանը:

ԼՂ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության համաձայն` ըստ նախնական տվյալների` հանդիպակաց ընթացող մեքենայի լույսերի արձակման պատճառով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք մեքենան սարքին է եղե՞լ, Մերի Սարգսյանը պատասխանեց, որ կատարվում է նախաքննություն. «Իսկ մեքենան սարքին էր, թե ոչ, դեռ վաղ է խոսել, որովհետեւ փորձաքննություն պետք է նման տվյալներ տա: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է` մեքենայի վարելու կամ շահագործելու կանոնների խախտումը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձանց մահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG