Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը դատին չէր ներկայացել


Ակտիվիստների բողոքի ցույցը Ռուբեն Հայրապետյանի առանձնատան դիմաց, Երեւան, 8-ը հուլիսի, 2012թ.

Ակտիվիստների բողոքի ցույցը Ռուբեն Հայրապետյանի առանձնատան դիմաց, Երեւան, 8-ը հուլիսի, 2012թ.

Ռուբեն Հայրապետյանը հանդիսանում է պատասխանող կողմ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Դավիթ Սանասարյանի ներկայացրած հայցի քննության ժամանակ:

Դատական նիստին ներկա էր Դավիթ Սանասարյանը։ Նա դատարանից խնդրում է «Հարսնաքար»-ի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենցից` վիրավորելու համար, ինչպես նաեւ հերքել իր բարի համբավը, պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունները:

Դատարան դիմելու պատճառը Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցում նախկին պատգամավորի հնչեցրած վիրավորական արտահայտություններն են:

Ըստ հայցադիմումի, մասնավորապես, պատասխանողի «այ ճիճու» , «ոհմակ են», «վարձու մարդիկ», «մինչեւ մահ վախենալու են ինձանից», «իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու», «իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են» արտահայտությունները վիրավորում են Դավիթ Սանասարյանի արժանապատվությունն ու պատիվը:

Ըստ Սանասարյանի՝ Հայրապետյանի հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող զրպարտող արտահայտություններ են «Հարսնաքար»-ի դեպքից հետո չդադարող բողոքի ակցիաների մասին հետեւյալ ձեւակերպումները. - «Ո՞վ է դրանց ֆինանսավորում, ո՞վ է պատվեր տալիս, ուղարկում իմ տան վրա», «Ո՞վ է ավտոբուսներով բերում, տանս դիմաց դատարկում», «Ո՞վ չի հասկանում..., անմիջապես դեմքները բացեցին... իսկ մնացած լակոտ-լուկուտները ո՞վ են... ես գիտեմ, թե ինչքան փող են առնում, գալիս են : Անգիր գիտեմ՝ ով է տանում փողերը տալիս, ինչ են անում: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ այդպես»:

Հայցվոր Դավիթ Սանասարյանը համոզված է՝ բոլոր հիմքերը կան, որ Ռուբեն Հայրապետյանը ի վերջո ներողություն խնդրի:

Հայցի կապակցությամբ պատասխանող կողմը գրավոր առարկություն չի ներկայացրել դատարան։

«Ազատություն» ռադիոկայնի հետ զրույցում Հայրապետյանի ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանը գրավոր առարկություն չներկայացնելը այսպես մեկնաբանեց․ - «Մենք այսօր, ըստ մեզ, չունենք ստորագրված պատշաճ հայցադիմում, որ դրան պատասխանենք։ Երբ որ դատարանը այդ հարցին կանդրադառնա, մենք մեր դիրքորոշումը կներկայացնենք»։

Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչն այսօրվա դատական նիստի ժամանակ դատարանին խնդրեց վերանայել Դավիթ Սանասարյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանի լիազորությունների ճանաչման հարցը, քանի որ, ըստ պատասխանող կողմի, վերջինս երեք տարբեր գործերով դատական ներկայացուցչություն է իրականացնում, մինչդեռ, Փաստաբանության մասին օրենքի հինգերորդ հոդվածի համաձայն, «պարբերաբար, կամ վճարովի հիմունքներով» ներկայացուցչություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, իսկ Արշակյանը, ով հանդիսանում է նաեւ Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցում հիշատակված երկու այլ անձանց՝ Հրանուշ Խառատյանի եւ Գարեգին Չուքասզյանի լիազոր ներկայացուցիչը, փաստաբան չէ։

Ի պատասխան՝ Մհեր Արշակյանը դատարանին հայտնեց, որ պարբերաբար չի իրականացնում ներկայացուցչություն, տվյալ դեպքում ներկայացրել է երեք հայց՝ միաժամանակ, հայցի առարկան երեք դեպքում էլ նույնն է եւ այս պարագայում պարբերաբար որպես ներկայացուցիչ հանդես գալու մասին խոսք լինել չի կարող:

Դատավորը տեղում որոշում չկայացրեց, նիստը հետաձգեց եւ հաջորդ դատական նիստը նշանակեց նոյեմբերի 22-ին։

Այս հայցի քննության հենց մեկնարկին հայցվորի ներկայացուցչի լիազորությունների կապակցությամբ պատասխանող կողմի վարքագիծը գնահատեց Մհեր Արշակյանը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում․ - «Ըստ էության, պատասխանողը լրացուցիչ ավելորդ խոչընդոտներ է ստեղծում գործի քննությունը սկսելու համար»։
XS
SM
MD
LG