Մատչելիության հղումներ

Իշխան Էնդրյուն` «սիրելի հյուր» Ադրբեջանում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իշխան Էնդրյուի հանդիպումներից մեկը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իշխան Էնդրյուի հանդիպումներից մեկը Բաքվում, արխիվ

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Յորքի դուքս իշխան Էնդրյուն անցած 5 տարում 8 անգամ այցելել է Ադրբեջան եւ հանդիպել նախագահ Իլհամ Ալիեւին։

«Խայտառակություն կառավարության համար»

Independent-ի թղթակից Թոմ Փեքը գրել է, որ իշխան Էնդրյուն հարկատուների փողերով վարձում է մասնավոր օդանավեր, բարեկամություն է անում մոլորակի հայտնի բռնապետների հետ, նրա շրջապատում կա նույնիսկ մի մանկապիղծ։

Այս տհաճ հրապարակումների համատեքստում բրիտանական մամուլում եւ քաղաքական շրջանակներում իշխանին անվանել են «խայտառակություն կառավարության համար», ինչից հետո իշխանն անցյալ տարի ազատել է Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հատուկ բանագնացի պաշտոնը։

Մինչդեռ մեկ տարի անց էլ Էնդրյուն շարունակում է հետաքրքրություն դրսեւորել Ադրբեջանի հանդեպ, որտեղ նրա բարեկամներից է նախագահ Իլհամ Ալիեւը` Independent-ի մեկնաբանի փոխանցմամբ, «աշխարհի ամենավայրագ եւ կոռումպացված ղեկավարներից մեկը»։

Իշխանը հանդիպել է Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանին

Բուքինգհեմյան պալատում իշխանը օրերս հանդիպել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Բեյթմանի հետ եւ, ինչպես Independent-ի աղբյուրներն են նշում, դեսպանին խնդրել է տեղեկություններ հայտնել Ադրբեջանում ծավալվող զարգացումների մասին։

Բուքինգհեմյան պալատի խոսնակը ասել է, որ «դուքսն այլեւս չունի բրիտանական բիզնեսի շահերն աշխարհում առաջ տանելու լիազորություն, սակայն շարունակում է հետաքրքրվել բիզնեսի, հատկապես` փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ գիտության, տեխնոլոգիաների եւ հետազոտությունների խնդիրներով»։

Ադրբեջանի վարչակարգի քննադատները ակնկալում են, որ իշխանը եւ դեսպանը քննարկել են ոչ միայն բիզնեսին վերաբերող հարցեր։

«Կարող ենք միայն ակնկալել, որ իշխան Էնդրյուն, ով առեւտրի զարգացման ասպարեզում պաշտոնական դեր արդեն չունի, դեսպանի հետ մասնավոր զրույցում խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների անհաշիվ ոտնահարումների կապակցությամբ»,- ասել է Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության Ադրբեջանի հարցերով փորձագետ Նատալիա Նորազադեն։

Լոնդոն - Բաքու չվերթը 97 հազար դոլարով` հարկատուի հաշվին

Իշխան Էնդրյուն անցած 5 տարիների ընթացքում 8 անգամ է այցելել Ադրբեջան։ Բաքու այցերից սոսկ երկուսն են մասնավոր բնույթ են կրել, մինչդեռ մնացած հանդիպումներում, այդ թվում նաեւ բռնատիրական մյուս երկրների առաջնորդների հետ, Էնդրյուն Մեծ Բրիտանիայի կառավարությունն է ներկայացրել։

Independent-ը նշում է, որ Էնդրյուն 2008-ին հանդիպել է Լիբիայի բռնակալ գնդապետ Մուամար Քադաֆիին, Բուքինգհեմյան պալատում ժամանակին հյուրընկալել է Թունիսի գահընկեց արված նախագահ Զինե ալ-Աբիդին Բեն Ալիի փեսային։

Ադրբեջան կատարած այցերից մեկի համար Էնդրյուն վարձել է մասնավոր օդանավ, ինչի համար վճարել է 60 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 97 հազար ամերիկյան դոլար)։ «Դա արվել է բրիտանացի հարկատուների հաշվին», - հիշեցնում է Independent-ը։

«Ալիեւի առանձնատանն աշխատում է աշխարհի լավագույն մերսորդը»

Ըստ որոշ տեղեկությունների, Էնդրյուն Կասպից ծովի տարածաշրջանում ունի մասնավոր բիզնես, այդ թվում` գոլֆի դաշտերով հանգստավայր։ Բուքինգհեմի պալատը հերքում է այդ տեղեկությունը եւ միաժամանակ հայտնում, որ «իշխան Էնդրյուն բիզնեսում պաշտոնական լիազորություններ չունի, սակայն շարունակում է ոչ պաշտոնական դեր կատարել Մեծ Բրիտանիայի եւ Ադրբեջանի տնտեսական կապերը խթանելու գործում»։

Բրիտանական մեկ այլ պարբերական` Telegraph-ը գրել է, թե «Ադրբեջանում Էնդրյուին անվանում են «սիրելի հյուր», այնտեղ նա ժամանակ է անցկացրել Իլհամ Ալիեւի շքեղ առանձնատներից մեկում, որտեղ աշխատում է մի ռուս կույր մերսորդ` լավագույնը աշխարհում»։

Ադրբեջանի վարչակարգին սատարելն ամոթալի է

Independent-ը հրապարակել է նաեւ մի խիստ քննադատական խմբագրական։

«Ադրբեջանն ու դրա տհաճ նախագահ Իլհամ Ալիեւը նավթային պետության խորհրդանիշ են։ Կարելի է հասկանալ, երբ այդ վարչակարգը փորձում է ածխաջրածիններից ստացած անսահման փողն օգտագործել իր շահերի համար, արեւմտյան PR գործակալություններին վճարում է հալածանքների եւ մարդու իրավունքների ոտնահարման արդյունքում վարկաբեկված իմիջը աշխարհին բարվոք տեսքով հրամցնելու նպատակով», - գրում է հեղինակավոր պարբերականը` շարունակելով. - «Սակայն կա մի անհասկանալի եւ աններելի գործոն` այդ հարցում Բաքվին սատարելու իշխան Էնդրյուի ցանկությունը։ Նախ նրա բազմաթիվ այցերն էին, Ալիեւի հետ «սերտ ընկերությունը», հիմա էլ նա Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանին է կանչում Բուքինգհեմյան պալատ։ Այդպիսի հովանավորչությունը բոլոր պարագաներում անընդունելի է, իսկ երբ խոսքն Ադրբեջանի մասին է` նաեւ ամոթալի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG