Մատչելիության հղումներ

Ռուսաստանում բողոքում են կայքերի «սեւ ցուցակի» մասին օրենքի դեմ


«Յանդեքսը» իր բողոքն է արտահայտել Ռուսաստանում ինտերնետի գրաքննության մասին օրենքի դեմ
«Յանդեքսը» իր բողոքն է արտահայտել Ռուսաստանում ինտերնետի գրաքննության մասին օրենքի դեմ
«Մինչ առաջադեմ մարդիկ քաղաքներ են կառուցում, անցյալի մարդիկ շրջապատում են դրանք պարիսպներով», - ռուսական ամենահայտնի «Վկոնտատկե» սոցիալական ցանցն այսպիսի հատուկ գլխագիր ունի, որով իր դժգոհությունն է հայտնում Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ օրենքի դեմ։

Օրենքի միջոցով հնարավոր կլինի ինտերնետային կայքերի «սեւ ցուցակ» ստեղծել։ Բոլոր այն կայքերը, որոնք պարունակում են մանկական պոռնոգրաֆիա, թմրադեղերի պատրաստման կամ վաճառքի կետերի մասին տվյալներ, ինչպես նաեւ տեղեկություններ, որոնք մարդկանց ինքնասպանության են հրահրում, այսօրվանից կարող են պարզապես արգելափակվել` անգամ առանց դատարանի որոշման։

Ռուսաստանցի ընդդիմադիրները, իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, սոցիալական ցանցերի ակտիվիստները լուրջ մտավախություն ունեն, թե իշխանություններն այս օրենքը որպես մահակ են օգտագործելու՝ ցանկացած պահին արգելելու բոլոր ոչ նպատակահարմար կայքերը։ Ինտերնետի բովանդակությունը ստուգելու պատասխանատվությունը կառավարության որոշմամբ ստանձնել է Հեռահաղորդակցության եւ ԶԼՄ-ների վերահսկողության դաշնային ծառայությունը, որն արդեն իսկ գործարկել է «սեւ ցուցակ» ընկնող ինտերնետային կայքերի ռեեստրը։

Համաձայն այս օրենքի, եթե պետական վերահսկող մարմինը ինտերնետային կայքում հայտնաբերի որեւէ անթույլատրելի տեղեկատվություն, ապա կայքի հեղինակները ծանուցումը ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում պարտավորվում են հեռացնել այդ նյութը, հակառակ դեպքում պետությունն իրավասու է արգելափակել կայքը։ Ի դեպ, կայքերի բովանդակության վերաբերյալ դժգոհություններ վերահսկող ծառայությանը կարող են ներկայացնել շարքային քաղաքացիները։

«Դա հարձակում է խոսքի ազատության վրա ինտերնետում», - հայտարարել է «Քաղաքացիական վերահսկողություն» իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Յուրի Վդովինը՝ շեշտելով, որ այս նախաձեռնությունը նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական փորձն է՝ վերահսկելու ժողովրդին։

Դեռ ամռանը, երբ Պետական Դուման շրջանառության մեջ դրեց այս օրինագիծը, ռուսական մի շարք ինտերնետային ընկերություններ բողոքի ձայն բարձրացրին՝ պնդելով, որ պետությունն անգամ օգտատերերի թողած մեկնաբանությունների համար է փակելու կայքերը։ Օրինագծի քվեարկության օրը «Յանդեքս»-ն ի նշան բողոքի փոխել էր կարգախոսը՝ դարձնելով այն «Կգտնվի ամեն ինչ»` հատուկ տառատեսակով ընդգծելով «ամեն ինչ» բառակապակցությունը։

Միաժամանակ «Յանդեքս»-ի մամուլի քարտուղար Օչիր Մանջիկովն ասել է, որ իրենց կայքը հետեւելու է նոր օրենքին:

«Սեւ ցուցակը պետք է հրապարակային լինի, որպեսզի հասարակությունը տեսնի, թե ով ում եւ ինչի համար է արգելափակում։ Այս գաղտնիությունը, ոչ թափանցիկությունը տարբեր մտահոգություններ է առաջացնում», - ասել է նա։

Վերահսկողական ծառայության ղեկավար Ալեքսանդր Ժարովը, սակայն, կտրականպես հերքում է, թե «սեւ ցուցակը» կայքերը գրաքննելու նպատակով է ստեղծվում:

«Որեւէ նորմալ, օրինական տեղեկատվություն տարածելու վրա գրաքննություն կամ արգելք չկա», - հայտարարել է Ժարովը` վստահեցնելով, որ այս օրենքն ընդամենը երեխաներին է պաշտպանելու ինտերնետի վնասակար բովանդակությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG