Մատչելիության հղումներ

Դումանյանը «չի կարող պնդել», թե ոլորտում կոռուպցիա կա


Armenia -- Healthcare Minister Derenik Dumanian, undated.

Armenia -- Healthcare Minister Derenik Dumanian, undated.

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե չի կարող պնդել, որ իր ղեկավարած ոլորտում կոռուպցիա կա. - «Չեմ կարող պնդել, եւ հակառակն էլ չեմ կարող պնդել»:

Առողջապահության ոլորտում կոռուպցիոն երեւույթների, պետական բյուջեն անարդյունավետ օգտագործելու մասին, հիշեցնենք, երկրի նախագահն ու վարչապետը խոսում են մոտ երկու ամիս:

Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում այսօր անգամ հայտարարել է, որ երկրի նախագահը կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի ու տեսանելի արդյունքների հասնելու համար վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում` «վիրահատական մեթոդների կիրառում»:

Լրագրողների հարցին, թե ինչպես են պայքարելու կոռուպցիայի դեմ, նախագահի առաջարկած ծայրահեղ մեթոդների մասին թերեւս անտեղյակ նախարարը պատասխանեց. - «Մենք բացի վիրահատությունից, նաեւ կոնսերվատիվ բուժման կողմնակից ենք եւ վիրահատությունները անում ենք ծայրահեղ դեպքերում: Յուրաքանչյուր վիրահատություն օրգանիզմի համար տրավմա է»:

Լրագրողների ռեպլիկից հետո, թե դա Սերժ Սարգսյանի ձեւակերպումն է, Դումանյանը շարունակեց. - «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի կատեգորիկ: Այո, այդ պայքարը պետք է լինի վիրահատական»:

Հոկտեմբերի սկզբին Ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունը մի քանի հարյուր միլիոն դրամ պետական միջոցների շարաշահումներ, անարդյունավետ ծախսեր էր հայտնաբերել Առողջապահության նախարարությունում:

2009-2010 թվականներին եւ ընթացիկ տարվա փետրվարին ու ապրիլին Առողջապահության նախարարության կողմից պետական միջոցների հաշվին ձեռք էին բերվել 10 անուն դեղեր, ինչի հետեւանքով կատարվել էին գրեթե 600 միլիոն դրամի չհիմնավորված գնումներ եւ անարդյունավետ ծախսեր:

Հայտնաբերված չարաշահումները գրանցվել էին նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Քուշկյանի պաշտոնավարման ժամանակահատվածում:

Հարցին, թե նախագահի անցկացրած խորհրդակցությունից հետո որեւէ պաշտոնյա պատժվել է կամ գումարներ վերադարձվել են պետբյուջե, Դերենիկ Դումանյանը պատասխանեց. - «Այդ խնդիրը պետք է պատկան մարմինները ուսումնասիրեն: Դա Առողջապահության նախարարության խնդիրը չէ: Մենք ընդամենը դրանից պետք է հետեւություն անենք, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկենք, օգնենք մեր տնտեսվարողներին, որպեսզի նրանք կարողանան օրենսդրական դաշտում ավելի էժան դեղորայք ձեռք բերել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե եթե չարաշահումներ հայտնաբերվեն արդեն իր պաշտոնավարման ընթացքում, ինքը պատասխան տալու է, Դումանյանը պատասխանեց. - «Ես պատասխան կկրեմ իմ մասով, թե ես` որպես Առողջապահության նախարար, ինչ միջոցներ չեմ ձեռնարկել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտը, որը ունի ուրիշ լիազոր մարմին, չի կարողացել օրենքի սահմաններում դեղորայք գնել»:

Նախարարը հրաժարվեց կարծիք հայտնել, թե արդյո՞ք պետք է Հարություն Քուշկյանը պատասխանատվություն կրի պաշտոնավարման օրոք տեղ գտած չարաշահումների համար:

Օգոստոսին, երբ վարչապետը զարմանքով արձանագրել էր, որ Առողջապահության նախարարությունում ըստ բուժհաստատությունների ամսական մոնիթորինգ գոյություն չունի, եւ փաստացի բացակայում են ՀՆԱ-ի հաշվարկման համար անհրաժեշտ ցուցանիշները, նա նախարար Դումանյանին հանձնարարել էր ներդնել մոնիթորինգային համակարգ եւ ամեն ամիս երկրի 466 բուժհաստատություններից օպերատիվ կերպով պահանջել համապատասխան հաշվետվություններ:

Հարցին, թե կատարվում է արդյոք այդ հանձնարարականը, նախարարը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ մեկ ամսվա մոնիթորինգը բավարար կլինի լուրջ հետեւություններ անելու, դրա համար մենք մինչեւ տարվա վերջ մենք այս մոնիթորինգը կշարունակենք, համեմատությունները կանենք եւ տվյալներ ձեզ կներկայացնենք»:

Իսկ հարցին, թե Հայաստանում դեղերի ներմուծման մենաշնորհ կա, Դումանյանն արձագանքեց. - «Եթե կա 70 ձեռնարկություն, ինչպե՞ս կարող է դա համարվել մենաշնորհ»: Հաջորդ հարցին, թե դրանցից քանիսի տերն է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նախարարը պատասխանեց. - «Ես դեղերի ներկրողների ազգանունները չեմ հարցնում»:
XS
SM
MD
LG