Մատչելիության հղումներ

Երկու քոլեջների միջեւ թնջուկը հանգուցալուծվեց


Կառավարության որոշմամբ վերջապես հանգուցալուծվեց թնջուկը Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի եւ Մշակույթի պետական քոլեջի միջեւ:

Որոշվել է Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը միավորել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային, իսկ Մշակույթի պետական քոլեջը` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին:

Կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը` Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ասաց. - «Կարծում ենք, որ այս տարբերակը լավագույնն է ե'ւ կրթության շարունակական ապահովման տեսակետից, ե'ւ մասնագիտական կրթության մակարդակը բարձրացնելու տեսակետից»:

Դեռ երկու տարի առաջ հայտնի էր դարձել, որ Մշակույթի նախարարությունը որոշել է միավորել ուսումնական այդ հաստատությունները, ինչը հարուցեց բազմաթիվ տհաճ խոսակցություններ, փոխադարձ վիրավորանքներ:

Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը շուրջ 30 տարի առաջ հիմնադրվել եւ գործում էր Ակսել Բակունցի ղեկավարությամբ, իսկ անկախության տարիներին ստեղծված Մշակույթի պետական քոլեջը ղեկավարում է երգչուհի Նադեժդա Սարգսյանը:

Միավորման դեմ բողոքեցին Էստրադային եւ ջազային արվեստի քոլեջի աշխատակիցները, քանի որ նույն շենքում գործող քոլեջների միավորումից հետո նախատեսվում էր, որ այն կղեկավարի Նադեժդա Սարգսյանը:

Թերեւս այդ բողոքներն էին, որ այն ժամանակ հետ պահեցին կառավարությանը միավորման մասին որոշումն ընդունելուց:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG