Մատչելիության հղումներ

logo-print

2012-ի առաջին երեք եռամսյակի տվյալներով Հայաստանում ծնելիության ցուցանիշը, անցյալ տարվա համեմատ, 3 տոկոսով նվազել է:

Այս մասին հայտարարել էր Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Մեր կանխատեսումներով մինչեւ 2020-24 թվականները ծնունդների թիվը կընկնի մինչեւ 30 հազար ծնունդ, որը բավականին ցածր ցուցանիշ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանը: Նա հավելեց, որ վերջին երեք տարիների ընթացքում կանխատեսում էին այս անկումը:

Ամենաբարձր ծնունդների թիվը եղել է 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին, երբ տարեկան ծնվում էր մոտ 80 հազար երեխա:

«Այժմ վերարտադրողական տարիք են մտնում 1992 թվականից հետո ծնված երեխաները, որոնք բավականին քիչ են, ըստ այդմ 10-15 տարի ծնունդների թիվն անկում է ապրելու», - ասաց նա:

Գարիկ Հայրապետյանի խոսքով, ծնելիության անկում գրանցվում է ամբողջ աշխարհում: Պատճառը առողջապահության, հակաբեղմնավորիչների զարգացումը եւ հասանելիությունն է: Հայաստանում այս ամենին ավելանում է քաղաքացիների սոցիալական դժվար վիճակը եւ արտագաղթը:

Որպես ծնելիությունը խթանելու լավագույն փորձ Գարիկ Հայրապետյանը նշեց Ֆրանսիայում եւ Շվեդիայում կիրառված փորձը, որտեղ ծնելիության ցուցանիշը բարձրացել է ոչ միայն երրորդ երկրներից ներգաղթյալների շնորհիվ, այլեւ սեփական բնակչության:

Ըստ այդ քաղաքականության, մայրանալիս նախեւառաջ պահպանվում են կնոջ աշխատելու, սովորելու իրավունքները, բացի այդ, կա այսպես կոչված հայրական արձակուրդ, որը վերցնում են հայրերը փոքր տարիքի երեխային խնամելու համար:

«Այս ծրագրերը պետք է շարունակական լինեն: Ֆրանսիայում ծրագիրն իրականացվում է վերջին 60 տարիների ընթացքում, որի վրա ծախսվում է Ֆրանսիայի ՀՆԱ-ի 2 տոկոսը, իսկ դա բավականին մեծ գումար է», - ասաց Գարիկ Հայրապետյանը` հավելելով, որ Հայաստանում ծնելիության խթանման ծրագրերից է անվճար ծննդօգնության ներմուծումը եւ երրորդ երեխայի համար տրվող 430.000 դրամը:

«Քաղաքականությունը չպետք է լինի մեկանգամյա, որովհետեւ եթե անգամ 430 հազար ծախսես միայն երեխայի վրա, մի 7 ամիս անց այն կվերջանա, հետո՞: Դա մեծ հաշվով խթան չէ: Որքանով որ ես տեղյակ եմ, հաջորդ տարվանից երրորդ երեխայի համար 1 մլն եւ չորրորդի համար 1.5 մլն դրամ է տրամադրվելու: Սակայն ցավն այն է, որ մեզ մոտ երկրորդ երեխաներ չեն ծնվում, ավելի ճիշտ կլիներ հենց երկրորդ երեխայի ծնունդը սկսեն խրախուսել, որպեսզի գոնե բնական վերարտադրությունն ապահովենք», - նշեց Գարիկ Հայրապետյանը:
XS
SM
MD
LG