Մատչելիության հղումներ

Դատարանը կքննի Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցը


Ակտիվիստների բողոքի ցույցը Ռուբեն Հայրապետյանի առանձնատան դիմաց, Երեւան, 8-ը հուլիսի, 2012թ.

Ակտիվիստների բողոքի ցույցը Ռուբեն Հայրապետյանի առանձնատան դիմաց, Երեւան, 8-ը հուլիսի, 2012թ.

Հինգշաբթի օրը Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Դավիթ Սանասարյանի դիմումի քննությունը:

Սանասարյանը դատարանից խնդրում է «Հարսնաքար»-ի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենցից` վիրավորելու համար, ինչպես նաեւ հերքել իր բարի համբավը, պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունները:

Դատարան դիմելու պատճառը Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցում նախկին պատգամավորի հնչեցրած վիրավորական արտահայտություններն են:

Ըստ հայցադիմումի, մասնավորապես, պատասխանողի «այ ճիճու» , «ոհմակ են», «վարձու մարդիկ», «մինչեւ մահ վախենալու են ինձանից», «իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու», «իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են» արտահայտությունները վիրավորում են Դավիթ Սանասարյանի արժանապատվությունն ու պատիվը:

Ըստ Սանասարյանի՝ Հայրապետյանի հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող զրպարտող արտահայտություններ են «Հարսնաքար»-ի դեպքից հետո չդադարող բողոքի ակցիաների մասին հետեւյալ ձեւակերպումները. - «Ո՞վ է դրանց ֆինանսավորում, ո՞վ է պատվեր տալիս, ուղարկում իմ տան վրա», «Ո՞վ է ավտոբուսներով բերում, տանս դիմաց դատարկում», «Ո՞վ չի հասկանում..., անմիջապես դեմքները բացեցին... իսկ մնացած լակոտ-լուկուտները ո՞վ են... ես գիտեմ, թե ինչքան փող են առնում, գալիս են : Անգիր գիտեմ՝ ով է տանում փողերը տալիս, ինչ են անում: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ այդպես»:

Դավիթ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս հարցազրույցից հետո Ռուբեն Հայրապետյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի։

«Կոնկրետ վիրավորանք եմ տեսել, շատ կոնկրետ։ Իմ անունն է տվել հարցազրույցի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը, որի մեջ նշել էր նա, որ մեզ ֆինանսավորում են, որից հետո խոսակցությունները, քանի որ իմ անունը կոնկրետ նշել է, եւ հատկապես` գաղտնիք չէ, որ ես ակտիվություն եմ ցուցաբերում եւ նախաձեռնության անդամներից մեկն եմ, խոսակցությունները շատացել են, որ իբր ինձ ֆինանսավորում է իր նշած անձը», - ասաց ակտիվիստը։

«Թող ողջ հանրությունը իրազեկ լինի, որ նա ներողություն է խնդրելու իր ասածների համար, կամ հերքելու է, ասի` նման բան չի եղել», - ընդգծեց Դավիթ Սանասարյանը։
XS
SM
MD
LG