Մատչելիության հղումներ

Մոսկվայում ոստիկանները ցրել են «Ստրատեգիա-31» հերթական հավաքը


Ռուսաստան - «Ստրատեգիա - 31» հավաքի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստ Էդուարդ Լիմոնովին, Մոսկվա, 31-ը հոկտեմբերի, 2012թ.
Ռուսաստան - «Ստրատեգիա - 31» հավաքի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստ Էդուարդ Լիմոնովին, Մոսկվա, 31-ը հոկտեմբերի, 2012թ.

Ակտիվիստները իշխանություններից պահանջում են հարգել Սահմանադրության 31-րդ հոդվածը, որը երաշխավորում է հավաքների ազատությունը։

Ռուսաստանի Սահմանադրության 31-րդ հոդվածը երաշխավորում է հավաքների ազատությունը, բայց գործնականում հավաքներ անցկացնելու համար անհրաժեշտ է իշխանությունների թույլտվությունը, եւ եթե դա չկա, հանրահավաքը, ցույցը անօրինական է համարվում, ոստիկանները առանց որեւէ պատճառի ցրում են հավաքվածներին, բերման ենթարկում։ Վերջերս էլ օրենք ընդունվեց` մեծ տուգանքներ սահմանել անօրինական հավաքներ կազմակերպելու, դրանց մասնակցելու համար։

Սակայն Ռուսաստանի ակտիվիստները շարունակում են պայքարը սահմանադրական դրույթը կյանքի կոչելու համար, եւ քանի որ հավաքների ազատությունը երաշխավորում է Սահմանադրության 31-րդ հոդվածը, ամսի 31-ին պահանջում են հարգել 31-րդ հոդվածը։ Եվ որպես կանոն` ոստիկանությունը ցրում է «Ստրատեգիա - 31» անվանումը ստացած այս հավաքները։

Հոկտեմբերի 31-ին եւս Մոսկվայում ակտիվիստները փորձեցին Տրիումֆալնայա հրապարակում հավաք անցկացնել` իշխանություններից պահանջելով հարգել երկրի Սահմանադրությունը։

«Ես կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրը պետք է հիշի, որ ինքը քաղաքացի է, եւ եթե իրեն պահի քաղաքացու պես, ապա վաղ թե ուշ բոլորը իրենց քաղաքացի կզգան, եւ նրանք, ովքեր այսօր կանգնած են մեր դիմաց, որոնք ցրում կամ բերման են ենթարկում մեզ, նրանք նույնպես կհասկանան, որ մենք պաշտպանում ենք նաեւ իրենց քաղաքացիական իրավունքները», - Reuters լրատվական գործակալությանը ասել է հավաքի մասնակիցներից մեկը` Վլադիմիրը։

Իսկ Լյուբով Պարանգոյը ասել է, թե հավաքները վաղուց են անցկացվում, առանձնապես արդյունքներ չկան, բայց, միեւնույն է, մարդիկ գնալով ավելանում են, եւ, ըստ նրա, դա է ամենահիմնականը` ավելի շատ մարդիկ միանան եւ այդպիսով հասնեն հաղթանակի։

Չորեքշաբթի օրը նույնպես ոստիկանները թույլ չտվեցին հավաք անցկացնել, մոտավորապես 150 մարդ էր եկել` նրանց ցրեցին, մի քանիսին բերման ենթարկեցին, այդ թվում` ակտիվիստ Էդուարդ Լիմոնովին։

Սանկտ Պետերբուրգում ավելի քիչ մարդ էր հավաքվել, ոստիկանությունը նրանց իսկույն բերման է ենթարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG