Մատչելիության հղումներ

Թուրքիան ԵՄ-ի հետ բանակցությունների վերջնաժամկետ է նշում


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի համատեղ ասուլիսը Բեռլինում նրանց հանդիպումից հետո, 31-ը հոկտեմբերի, 2012թ.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի համատեղ ասուլիսը Բեռլինում նրանց հանդիպումից հետո, 31-ը հոկտեմբերի, 2012թ.
«Եթե մինչեւ 2023 թվականը Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հարցը չլուծվի, ապա Եվրոպան կկորցնի մեզ»,- չորեքշաբթի օրը Բեռլին կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` առաջին անգամ պաշտոնական Անկարայի եւ եվրոպական կառույցների հարաբերությունների ողջ պատմության ընթացքում մատնանշելով անդամակցության բանակցությունների հնարավոր վերջնաժամկետը:

Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները պաշտոնապես մեկնարկեցին 2005 թվականի աշնանը, սակայն որոշ ժամանակ անց սառեցվեցին: Հիմնական պատճառը Կիպրոսի շուրջ Թուրքիայի որդեգրած անհաշտ մոտեցումն էր, երբ Թուրքիան սկզբում համաձայնեց բացել իր նավահանգիստներն ու օդանավակայանները կիպրոսյան տրանսպորտային ընկերությունների համար, իսկ հետագայում հրաժարվեց կատարել իր իսկ ստանձնած պարտավորությունը:

«Մենք ճանաչում ենք Հյուսիսային Կիպրոսը որպես անկախ պետություն: Ուրիշները կարող են դա չանել, սակայն տիկին Մերկելը նախկինում էլ ասել է, որ Հարավային Կիպրոսը Եվրամիության կազմում ընդգրկելը սխալ էր, եւ այդ թերի կացությունը այսօր էլ պահպանվում է: Պետք է հասկանալ, որ Թուրքիան Եվրամիության հետ շուրջ 50 տարի շարունակվող այս գործընթացում ի վերջո հստակ արդյունքի պետք է հասնի: Նման վերաբերմունք ցուցաբերվել է միայն մեր երկրի հանդեպ։ Ի վերջո, մեզ անհրաժեշտ է հաղթահարել այս ամենը», - Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր թուրքական կառավարության ղեկավարը:

Գերմանական կողմը, սակայն, այս առումով որեւէ հստակ խոստում Էրդողանին այդպես էլ չտվեց: Միայն արտգործնախարար Գիդո Վեստերվելեն էր, որ չբացառեց, թե Թուրքիա - Եվրամիություն բանակցությունները կարող են վերսկսվել 2013 թվականին: Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, իր հերթին, գերադասեց խոսել այն քայլերի մասին, որ պետք է իրագործի պաշտոնական Անկարան:

«Եվրամիությունը ազնիվ բանակցային գործընկեր է, եւ բանակցությունները դեռ շարունակվում են: Հրապարակվել է Թուրքիայի` Եվրամիությանը անդամակցության ճանապարհին ցուցաբերած առաջընթացի մասին հերթական զեկույցը, եւ այնտեղ շատ կարեւոր կետեր կան, որոնք հարկավոր է իրագործել: Գերմանիան բանակցությունները շարունակելու կողմնակից է, եւ ես կարծում եմ, որ թե՛ վարչապետ էրդողանը եւ թե՛ Եվրամիության կառույցներն ու անդամ պետությունները ազնվորեն կվարեն այդ բանակցությունները», - հայտարարեց Մերկելը:

Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ անդամակցության շուրջ բանակցությունները բաժանված են 35 առանձին ոլորտների: Դրանցից միայն մեկի` գիտության ոլորտի շուրջ բանակցություններն են, որ ամբողջությամբ ավարտված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG