Մատչելիության հղումներ

logo-print

Սաֆարովի հարցով միջազգային դատարան դիմելու աշխատանքները «ամբողջ թափով ընթանում են»


Բողոքի ցույց Բուդապեշտում Սաֆարովի արտահանձման դեմ, 4-ը սեպտեմբերի, 2012

Բողոքի ցույց Բուդապեշտում Սաֆարովի արտահանձման դեմ, 4-ը սեպտեմբերի, 2012

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձման, նրա կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների եւ գործով տուժող ճանաչված Հայկ Մակուչյանի իրավունքների պաշտպանության հարցերով միջազգային դատական ատյաններ դիմելու աշխատանքները «ամբողջ թափով ընթանում են»:

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել է, որ ստեղծված է համապատասխան աշխատանքային խումբ, աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով: Նախարարը այդ մասին տեղեկացրել է, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ փուլում է Սաֆարովի հարցով Եվրադատարան դիմելու գործընթացը:

«Աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են, բայց թույլ տվեք [հաշվի առնելով նաեւ մի շարք հանգամանքներ] չանդրադառնալ, չպատասխանել հարցերին, թե ինչ մարտավարություն է, որ մարմիններն են, երբ ինչպես… Բայց կա հստակ մարտավարություն, կա աշխատանքային խումբ, աշխատանքները բոլոր ուղղություններով ընթանում են», - ասաց Թովմասյանը:

Նախարարն առայժմ ձեռնպահ է տեղեկացնել, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու պարագայում արդյոք Հայաստանի ներկայացուցիչը լինելո՞ւ է զինդատախազ Գեւորգ Կոստանյանը:

Միջազգային դատական ատյաններ դիմելու կարգադրությունը լիազոր մարմիններին տվել էր նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը, երբ հայտնի դարձավ Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ Իլհամ Ալիեւի կողմից անմիջապես ներում ստանալու մասին:

Այս գործով տուժող ճանաչված Հայկ Մակուչյանը, ով 2004-ի այդ օրերին Գուրգեն Մարգարյանի հետ Բուդապեշտում մասնակցում էր ռազմական անգլերենի դասընթացներին եւ հրաշքով է փրկվել Սաֆարովի կացնից, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ համագործակցում է արդարադատության նախարարության եւ գործով զբաղվող կառույցների հետ միջազգային դատական ատյաններում իր իրավունքները պաշտպանելու համար: Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին կացնահարելուց հետո փորձել էր կացնով կոտրել նաեւ Մակուչյանի սենյակի դուռը:

«Ես հարվածից եմ արթնացել, ինձ թվաց` ձեռքով է խփում ու լսեցի «Всех армян зарежем» արտահայտությունը… Ուզում էի բացել, հետիս լիտվացին ասաց` «Սպասի, կարող է զինված լինի, կապվեմ տղաների հետ, գան»: Այդ ընթացքում ոստիկանությունը եկավ, բացեց: Իրենց կողմից ներկայացվող մի քանի դրվագ կա, որ աբսուրդի է հասնում: Սկզբում դրոշն էին մեջբերում, պարզվեց, որ ոչ մի դրոշ չկա ու երբեք չի եղել: Հետո տարածեցին իբր ավտոբուսում Գուրգենը հարվածել է նրա գլխին, հետո երբ ավտոբուսում եղած վկաները փաստեցին, որ նման բան չի եղել, սկսեցի ասել, որ «ոտքով խփել է տակից»: Անլուրջ բաներ են», - ասաց Մակուչյանը:

Տուժողը դժգոհ է Սաֆարովի էքստադիցիայի վերաբերյալ միջազգային հանրության «ոչ կտրուկ արձագանքից»:

«Շատ քիչ էին հստակ դատապարտող հայտարարությունները: Ավելի շատ «ցավում» էին, «մտահոգված» էին, «անհանգստացած էին»: Ես հասկանում եմ դիվանագիտական տերմինալոգիան ինչ է, բայց երբ պետք է լինում, նույն միջազգային հանրությունը կարողանում է շատ կտրուկ հարցերը դնել եւ չի նեղվում կտրուկ բառապաշարի պակասից», - ասաց Մակուչյանը:

Բուդապեշտի դատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը տարիներ շարունակ ներկայացրած փաստաբան Նազելի Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ միջազգային դատական ատյաններում կան հաջողության հասնելու բոլոր հիմքերը, միայն թե պետք է արագ գործել: Փաստաբանը` որպես Եվրադատարանի ամենակարեւոր հիմք, նշեց կյանքի եւ անձեռնմխելիության իրավունքների խախտումները:

Եվրադատարան դիմելու իրավունք ունեն միայն այն անձինք կամ նրանց իրավահաջորդները, ում իրավունքները խախտվել են: Այս դեպքում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները ու Հայկ Մակուչյանը կարող են լիազորել պետության ներկայացուցչին ներկայացնել իրենց շահերը:

Միաժամանակ փաստաբանի կարծիքով` Հայաստանի Հանրապետությունը կարող է Հունգարիայի պետական մարմնի գործողությունները վարչական կարգով վիճարկել Հունգարիայի դատարանում, իսկ ՄԱԿ-ի բանաձեւերի եւ որոշումների խախտման մասով էլ կարող է Ադրբեջանի դեմ հայցով դիմել ՄԱԿ-ի համապատասխան ատյանին` Արդարադատության դատարանին (Court of Justice): Փաստաբանը դանդաղ է գնահատում հայկական կողմի գործողությունները միջազգային դատական ատյաններ դիմելու ուղղությամբ: Վարդանյանը, ի դեպ, չի մասնակցում այդ գործընթացներին:

«Եթե երկու ամիս առաջ բոլոր երկրների մամուլը դրա մասին էր խոսում, բոլոր երկրների հասարակությունները դրանով հետաքրքրված էին, հիմա գրեթե մոռացվել է դա եւ դարձել է շարքային մի բան: Որքան ուշացնում ենք, այնքան դժվար է լինելու դրական արդյունքներ ստանալը», - նշեց Վարդանյանը` համոզմունք հայտնելով, որ «ցանկացած գործընթաց կարելի է արագացնել»:
XS
SM
MD
LG