Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը «գործող անայլընտրանքի լուրջ մրցակցի» մասին


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքել է Ազգային ժողովի Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե գործող նախագահը որեւէ լուրջ մրցակից չունի:

«Իհարկե` եթե իշխող կուսակցապետերն ու շտաբի պետերը նախորդների օրինակով առաջիկա ընտրությունները «վարեն» իրենց հակասահմանադրական մեղսագործություններով` մեծ փողեր, նյութական այլ արժեքներ բաժանելով` որպես կաշառք, համայնքապետերին ստիպելով ու սպառնալով, հարյուրավոր պետական շենքեր օգտագործելով նեղ կուսակցական նպատակների համար, շահագործելով մեր դպրոցների, հիվանդանոցների, հանրային այլ հաստատությունների աշխատակազմերին մեր հպարտության ակունք հանդիսացող զինվորներին` սովորական մյուս իրավախախտ խմբերի հանգույն, ուղարկելով դեպի պարտադիր ու բազմակի քվեարկության եւ այլն, ապա, իհարկե, գործող անայլընտրանքը «լուրջ» մրցակից չի ունենա», - հայտարարել է Հովհաննիսյանը:

Հայտարարությունում, որի տեքստը տարածել է «Ժառանգության» լրատվական ծառայությունը, Հովհաննիսյանը համոզմունք է հայտնում, որ իրապես ազատ եւ արդար ընտրության դեպքում իրականությունն այլ կլինի` «Հայաստանը կունենա ժողովրդին պատկանող մրցակիցներ, կունենա ե´ւ նոր նախագահ, ե´ւ արժանապատիվ քաղաքացի, ե´ւ ամուր պետություն ու շենշող ապագա»:

«Թող սեփական մեղքերը չթաքցնեն: Իսկ եթե չեն վախենում իսկական մրցակցությունից` համապատասխան քայլեր անելու պահը հիմա է: Մեր հայրենիքի վաղվա օրը մեր ժողովրդի ձեռքում է եւ նրա կամքի մեջ: Մենք, ի վերջո, ուզո՞ւմ ենք մեր խոսքն ու գործը մեկ անել: Ուրիշ տեղ չնայենք», - ասել է «Ժառանգության» առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG