Մատչելիության հղումներ

logo-print

«Հելլոուինը այսօր արդեն դարձել է միջազգային տոն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ազգագրագետ Գոհար Ստեփանյանը եւ բացատրեց, որ Հելլոուինի հետ կապված շատ բաղադրիչներ կարելի է տեսնել նաեւ հայկական տարբեր տոներում, օրինակ` Բարեկենդանում:

Կելտական արմատներ ունեցող այս տոնը կապված է հին կելտացիների ժամանակի պատկերացման հետ: Կելտերը տարին երկու ժամանակահատվածների էին բաժանում` լուսավոր եւ մութ: Մութ ժամանակաշրջանը սկսվում էր նոյեմբերով եւ նշանավորվում էր տոնով: Այս տոնին բնորոշ է երկրային եւ անդրշիրիմյան աշխարհների սահմանների թուլացումը. ըստ տոնի գաղափարի` հոկտեմբերի 31-ին անդրշիրիմյան աշխարհի ուժերը հայտնվում են երկրի վրա:

Այսօր երեկոյան հայկական շատ ակումբներ են նշելու Հելլոուինը: Երեւանի փողոցներում անցկացրած մեր հարցման ընթացքում պարզվեց, որ շատ երիտասարդներ չեն սիրում ու չեն տոնում այն, սակայն նշողներին դեմ էլ չեն արտահայտվում: Իսկ տոնը նշողների համար Հելլոուինը պարզապես ուրախանալու եւ լավ ժամանակ անցկացնելու մի ձեւ է:

Միջոցառումներ կազմակերպող ընկերություններից մեկի հիմնադիր տնօրեն Մակար Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ Հելլուուինի երեկույթներ սկսել են կազմակերպել 2009 թվականից երեւանյան տարբեր ակումբներում: Ընդհանուր հաճախորդների թիվն այս տարի նախորդ տարիների հետ համեմատած եռակի աճել է: Այս տարի տոնակատարության մասնակիցների թիվը կհասնի մոտավորապես 800-ի: Իսկ այն հարցին, արդյոք ո՞ր տոներն են ավելի մեծ հետաքրքրությամբ նշում հայերը, Մակարը պատասխանեց. - «Համեմատության կարգով ասեմ, որ ամեն տարի Վալենտինի տոնին ավելի շատ հյուր ենք ունենում, քան Սուրբ Սարգսի տոնին: Անցած տարի Վալենտինին ունեցել ենք 1300 հյուր, Սուրբ Սարգսին` 400»:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են վերջերս հայերին ավելի շատ հետաքրքրում օտար տոները, ազգագրագետը պատասխանեց, որ խնդիրը տեսնում է տեղեկատվության բացակայության եւ մեր տոնական ավանդույթների կապի խզման մեջ:

«Մոռացվել է այն, ինչ ունենք, բայց դրան հակառակ շատ մեծ թափով ժամանակակից տեղեկատվության միջոցների զարգացման արդյունքում օտար տոները մուտք են գործում մեր իրականություն: Ոչ թե պետք է պայքարել տոների դեմ, այլ քայլեր ձեռնարկել մեր ավանդական տոները կենդանացնելու, աշխուժացնելու համար», - նշեց Գոհար Ստեփանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG