Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խրախուսում են Սերբիայի եւ Կոսովոյի երկխոսությունը


Կոսովո - ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի համատեղ ասուլիսը, կենտրոնում` Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչի, Պրիշտինա, 31-ը հոկտեմբերի, 2012թ.
Կոսովո - ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի համատեղ ասուլիսը, կենտրոնում` Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչի, Պրիշտինա, 31-ը հոկտեմբերի, 2012թ.

Քլինթոնը եւ Էշթոնը, սակայն, Սերբիայից չեն պահանջել ճանաչել Կոսովոյի անկախությունը։

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը բալկանյան համատեղ այցելության շրջանակներում այսօր հանդիպումներ են ունենում Կոսովոյում:

Նախօրեին Բելգրադում կայացած բանակցություններից հետո նրանք Սերբիային ու Կոսովոյին երկխոսության կոչ են արել, բայց չեն պահանջել, որ Սերբիան ճանաչի Կոսովոյի անկախությունը:

Այնուհանդերձ, Սերբիայի հանրային հեռուստատեսությամբ Հիլարի Քլինթոնը նշել է, որ սահմանները չպետք է փոխվեն:

Բալկանյան HINA լրատվական գործակալության փոխանցմամբ` Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, վարչապետ Իվիսա Դասիչի հետ Քլինթոնի եւ Էշթոնի հանդիպումին հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում բարձրաստիճան դիվանագետները ասել են, թե պարտադիր չէ, որ Սերբիան ճանաչի Կոսովոյի անկախությունը, բայց երկխոսությունը պետք է «տեսանելի ու կայուն առաջընթաց ապահովի Բելգրադի եւ Պրիշտինայի հարաբերություններում»:

«Բելգրադի ու Պրիշտինայի միջեւ երկխոսությունը չի նշանակում, թե մենք Սերբիային խնդրում ենք ճանաչել Կոսովոն», - ասել է Էշթոնը` հավելելով, թե Սերբիայի ապագան Եվրամիությունում է: Էշթոնը Սերբիայի առաջնորդներին հորդորել է արագացնել բարեփոխումները եւ գովաբանել է Բրյուսելում վերջերս կայացած Սերբիայի ու Կոսովոյի վարչապետների հանդիպումը, հայտնելով, որ շուտով տեղի կունենա հաջորդ հանդիպումը:

Սերբիայի վարչապետ Իվիսա Դասիչն ասել է, թե պաշտոնական Բելգրադը պատրաստ է կառուցել ժողովրդավարական հասարակություն, նպաստել տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը, տարածաշրջանում հաշտեցմանն ու վստահությանը:

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնից եւ Բրյուսելից ժամանած բարձրաստիճան հյուրերը Բելգրադին որեւէ վերջնագիր չեն ներկայացրել:

«Մենք չենք ճանաչի Կոսովոյի անկախությունը, բայց պատրաստ ենք երկխոսության, որին ակտիվորեն պետք է մասնակցեն նաեւ Կոսովոյի սերբերը: Մենք բոլորս պատրաստ ենք հարաբերություններ ստեղծել Պրիշտինայի ու Բելգրադի միջեւ՝ մեր քաղաքացիների շահերը սպասարկելու, տեսանելի եւ կայուն առաջընթաց ապահովելու համար», - ասել է Սերբիայի վարչապետը:

2008 թվականին Կոսովոն միակողմանի հռչակեց իր անկախությունը: Այս ընթացքում ավելի քան 90 երկիր Կոսովոն ճանաչել են որպես անկախ պետություն: Սերբիան հայտարարել էր, թե երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Բելգրադի դաշնակից Ռուսաստանը պաշտպանում է Սերբիայի շահերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG