Մատչելիության հղումներ

Վաղը մեկնարկում է ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում


Նոյեմբերի 1-8-ը Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացվելու է ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, շաբաթվա հիմնական միջոցառումը նոյեմբերի 5-6-ը Երեւանում անցկացվելիք` ՆԱՏՕ-ի Գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» սեմինարն է, որին մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախատեսված է այցելություն Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադ, իսկ արտգործնախարարության շենքում հեռուստակամուրջներ կանցկացվեն Կոսովոյում ու Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար:

Կազմակերպվելու է նաեւ այցելություն արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոն:

Շաբաթը կամփոփվի ՆԱՏՕ-ի` որպես քաղաքական-ռազմական դաշինք, զարգացման եւ վերափոխման խնդիրների քննարկմանը նվիրված հեռուստատեսային «կլոր սեղանով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG