Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 31-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը առանցքային է համարում ԲՀԿ-ի դերը քաղաքական դաշտում առկա անորոշությունները վերացնելու տեսանկյունից: Սաֆարյանը ներկայացնում է հետեւյալ փաստարկները. - «Առաջին` ընդդիմադիր ընտրազանգվածը հստակ սահմանազատված չէ, որովհետեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ փոփոխություններ պահանջող ընտրողների մի ստվար զանգված իր ձայնը տվեց ոչ թե ընդդիմադիր ուժերին, այլ ԲՀԿ-ին։ Երկրորդ՝ ԲՀԿ-ից կախված է շատ ավելի մեծ բան. դա ստատուս քվոյի փոփոխության հնարավորությունն է։ Միջանկյալ դիրքը, որ ԲՀԿ-ն զբաղեցրել է իշխանության եւ ընդդիմության միջեւ, ըստ էության, դեռեւս թույլ է տալիս պահպանել ստատուս քվոն։ ԲՀԿ-ի ցանկացած վերակողմնորոշում այս կամ այն բեւեռի օգտին կարող է խախտել ուժերի հավասարակշռությունը եւ ավելացնել այդ բեւեռի շանսերը»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանի հետ: Հարց. - «Վերջին շրջանում հատկապես խոսվում է Կոնգրեսի ներսում լարվածության, կարեւորագույն քաղաքական հարցերում կոնսենսուսի բացակայության մասին: Խոսքը հատկապես նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին է, ինչի վերաբերյալ խոսել է Լեւոն Զուրաբյանը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ»: Մաթեւոսյանի պատասխանը. - «Այդ գեբելսական քարոզչությանը հակադարձելու միակ ձեւն այն է, որ գտնենք այն բանալին, որը կապահովի հասարակության պոռթկումը: Այդ բանալին Հայ ազգայի կոնգրեսի եւ ԲՀԿ-ի համագործակցությունն է առաջիկա նախագահական ընտրություններում, որը, իմ կարծիքով, հաղթական սցենար է մի պարագայում` եթե միասնական թեկնածուն լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ համագործակցության մասին այս կոնտեքստում Լեւոն Զուրաբյանի հայտարարություններին, ապա վստահ եմ, որ դրանք բխում են Կոնգրեսի քաղխորհրդի որոշումներից եւ արտահայտում են Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության էությունը»:

«Առավոտ»-ի հետ զրույցում գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրողությունները` «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասում է. - «Պարբերական ընտրությունները աչքակապության են վերածվել առնվազն 1995-ից: Ներկայումս հրապարակում եղած պաշտոնական քաղաքական ուժերի ազնիվ եւ դիմադրող հատուկենտ օջախներն ու անհատները որեւէ կերպ չեն կարող ազդել իրավիճակի վրա: Ավելին՝ նրանց առկայությունը շփոթություն եւ կեղծ հույսեր է առաջացնում տիրապետող քրեաօլիգարխիկ համակարգի առողջացման եւ վերափոխման վերաբերյալ: Մինչդեռ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող անձանց մեծ մասը առեւտրական հոգեբանություն ունեցող մարդիկ են, եւ քաղաքականությունը նրանց համար անձնական բարեկեցության խնդիրները լուծելու բիզնես-ծրագիր է: Իսկ դա շատ ձեռնտու է վարչախմբին, ինչի հետեւանքով քաղաքական հարաբերությունները եւ գաղափարները վերածվում են դրամա-իրային հարաբերությունների»:

«Հրապարակ» թերթի խմբագրականն անդրադառնում է հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումներին. - «Այս օրերին խորհրդարանը քննարկում է 2013-ի պետբյուջեն, որը, եթե ընդհանրացնենք, մեր «մեծ ընտանիքի» ֆինանսներն են, եւ դրանք եւս հարկավոր է ծախսել խիստ խնայողաբար եւ ամենաանհրաժեշտի վրա: Այնպես, որ պահպանվեն հավասարության, արդարության եւ մրցակցության սկզբունքները: Նաեւ որպեսզի այն լինի ոչ միայն գոյատեւման, այլեւ երկրի զարգացման գրավական: Արդյո՞ք մեր «մեծ ընտանիքի» ղեկավարությունը ճիշտ է տնօրինում իր ձեռքի տակ եղած ֆինանսները: Արդյո՞ք պահպանում է վերը նշված կանոնները: Բոլորովին: Անարդյունավետ, ոչ խելամիտ ծախսման հարյուրավոր օրինակներ կարելի է բերել: Եվ հեռանկարային ձեռնարկների խիստ պակաս: Ինչը վկայում է, որ ֆինանսները հայտնվել են սխալ մարդկանց ձեռքում»:

«Ժողովուրդ»-ը գրում է. - «Հատկապես վերջին տարիներին մեր իրականությունում քարոզչության եւ PR տեխնոլոգիաների դերակատարությունն այնքան է մեծացել, որ երբեմն թվում է, թե մեր պետական ողջ համակարգը զբաղված է ընդամենը մեկ գործով` փի առ-ով։ Սկսած երկրի նախագահից ու վարչապետից` բոլորը զբաղված են իրենց արած ու չարած աշխատանքը գովազդելով, իրենց ոլորտում առկա ձեռքբերումները թմբկահարելով ու ցանկալին իրականության տեղ հանրությանը մատուցելով։ Եվ այդ ընթացքում հայրենի պաշտոնյաները երբեմն այնքան են տարվում ու կտրվում իրականությունից, որ երբ մի օր բախվում են դաժան իրականությանը, ի վիճակի չեն լինում այն ընկալել` համարելով լրատվամիջոցների կազմակերպած սադրանք կամ մութ ուժերի պատվեր»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG