Մատչելիության հղումներ

Չեխիայում տարբերակներ կմտածեն հայաստանցիների վիզայի հարցը դյուրացնելու ուղղությամբ


Եռօրյա պաշտոնական այցով Պրահայում գտնվող Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին երկուշաբթի ընդունեց Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը։

Պատվիրակությունների կազմով բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Միլան Շտեխը խիստ քննադատեց Հունգարիայի կառավարությանը՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու համար:

«Հունգարիայի իշխանությունների այս որոշումը հակասում է միջազգային իրավունքին։ Մարդասպանը չի կարող ազատության մեջ հայտնվել ու ստանալ հերոսի կոչում», - ասաց Շտեխը:

Նախորդ շաբաթ Չեխիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը դատապարտող հատուկ բանաձեւ ընդունեց՝ ընդգծելով, թե Ադրբեջանի նախագահի որոշումը կարող է հանգեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում լարվածության հետագա շիկացմանը։

Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանն այսօր Պրահայում հատուկ շնորհակալություն հայտնեց այդ բանաձեւի համար:

«Մարդասպանին, ոճրագործին հերոսացնելը հարիր չէ որեւէ երկրի նախագահի: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Չեխիայի արտգործնախարարությանը, Չեխիայի Սենատին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, նրանց, ովքեր դատապարտեցին Ադրբեջանի եւ Հունգարիայի կողմից իրականացված այդ անբարոյական քայլը», - ասաց Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով` Չեխիայի իշխանությունները հավասարակշռված դիրքորոշում ունեն կովկասյան տարածաշրջանի հակամարտությունների հարցում, ինչը Հայաստանը բարձր է գնահատում։ Ազգային ժողովի նախագահը այս այցի ընթացքում դիմելու է Չեխիայի կառավարությանը, որպեսզի Երեւանում գործող հյուպատոսությանը հնարավորություն տրվի մուտքի վիզաներ տրամադրել Հայաստանի քաղաքացիներին:

Չեխիայի խորհրդարանի խոսնակն ասում էր, թե գիտի որ Հայաստանի պատմությունը հնագույններից է, վստահեցրեց, որ մտադիր է տարբերակներ որոնել Հայաստանի քաղաքացիների համար իր երկիր մուտքի վիզաների տրամադրման հարցը հեշտացնելու ուղղությամբ: Շտեխն ասաց՝ Չեխիան պատրաստ է աջակցել Հայաստանի եվրաինտեգրմանը, իսկ չեխ գործարարները պատրաստակամ են ներդրումներ կատարել Հայաստանում։ Չեխ բարձրաստիճան պաշտոնյան նաեւ հատուկ ուշադրություն հրավիրեց սիրիական հակամարտության շուրջ զարգացումներին:

«Կարծում եմ՝ Հայաստանի եւ Չեխիայի դիրքորոշումները այս հարցում գրեթե համընկնում են։ Մենք հասկանում ենք հայկական կողմին, այնտեղ հայկական մեծ համայնք է ապրում, եւ պաշտոնական Երեւանը պետք է ու պատրաստ է օգնել իր հայրենակիցներին», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG