Մատչելիության հղումներ

ՀՀԿ. 2013 թվականի պետական բյուջեն նախընտրական չէ


2013 թվականի պետական բյուջեն նախընտրական չէ, Ազգային ժողովի հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հնչած այս գնահատականի հետ համաձայն է նաեւ իշխող Հանրապետականի փոխնախագահ, խորհրդարանական ամենամեծ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Ամեն ինչ կարելի է մտածել, բայց ոչ, որ [բյուջեն] նախընտրական է: Ես ասում եմ` կուլմինացիոն բյուջե. ճգնաժամից հետո փաստորեն ունենք նաեւ տնտեսական աճ», - ասաց Սահակյանը:

Նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե [իշխանությունները] տնտեսական աճը «գրել են», բայց բյուջեի եկամուտները չեն կարողանալու ավելացնել:

«Այս պահի դրությամբ մենք չենք տեսել, որ կառավարությունը ջանքեր է ուզում թափի բյուջեի ուղղությամբ, ջանքերը չեմ տեսնում: Հստակ է, հիմնական ռեզերվը խոշոր բիզնեսն է, իսկ խոշոր բիզնեսը չի հարկվելու», - պնդեց Բագրատյանը:

Կառավարությունը 2013 թվականին նախատեսում է ստանալ ավելի քան մեկ տրիլիոն եկամուտ, ծախսել` ստացված եկամուտից մի փոքր էլ ավելի: Եկամուտները հիմնականում հարկերից, պետական տուրքերից են ակնկալվում, իսկ ծախսելու են, ինչպես հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, մեծամասամբ, սոցիալական խնդիրներ լուծելու համար:

Կառավարությունը հաջորդ տարվա համար ծրագրել է 6.2 տոկոս տնտեսական աճ` այս տարի սպասվող 7 տոկոսի փոխարեն:

Վարչապետի վստահեցմամբ` կառավարությունը նաեւ ռիսկերն է գնահատել, ուստի դիմել է միջազգային ֆինանսական կառույցներին` նոր օժանդակություն ստանալու համար. - «Մենք Համաշխարհային բանկի հետ ունենք պայմանավորվածություն, որ եթե համաշխարհային բացասական ազդեցությունները մեր բյուջեի կատարողականի վրա բացասաբար ազդի, մենք կարող ենք ակնկալել 100 միլիոն դոլարի անմիջապես ֆինանսական օժանդակություն»:

Հայաստանը 2013-ին նույնպես կօգնի Լեռնային Ղարաբաղին` տրամադրելով 39.3 միլիարդ դրամ:

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի խոսքով, հաջորդ տարի չի ավելանալու բյուջետային աշխատողների աշխատավարձը, բայց` չի էլ պակասելու:

Դավթյանի հայտարարությունից Հրանտ Բագրատյանը եզրակացրեց, որ կբարձրանա աղքատության ցուցանիշը:

«Մենք այսօր հայտարարում ենք, որ այս բյուջեով բյուջետային ոլորտի աշխատողները եւ թոշակառուները, քանի որ նրանց մոտ որեւէ բարձրացում չի նախատեսվում, կապրեն առնվազն 4 տոկոս վատ», - ասաց նախկին վարչապետը` հավելելով. - «110 հազար հազար մարդ գնաց այս տարի, մյուս տարի կգնա 130 հազար:

«Հիմա եթե մենք ունենանք 5.5 տոկոս գնաճ, բյուջեի կողմից փոխհատուցվելո՞ւ է դա», - հարցրեց ԲՀԿ-ական պատգմավոր Միքայել Մելքումյանը:

«Հայաստանի Հանրապետությունում երբեւէ եկամուտների ինդեքսավորման քաղաքականություն գնաճի նկատմամբ չի եղել», - պատասխանեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Բուռն քննարկման առարկա դարձավ նաեւ ստվերը: Կառավարության կոնսերվատիվ գնահատականներով, ստվերը Հայաստանում կազմում է 30-35 տոկոս, ինչին չհամաձայնեց Հրանտ Բագրատյանը` վկայակոչելով միջազգային կառույցների գնահատականը` 44.6 տոկոս:

Ֆինանսների նախարարը այսօր չուներ պատգամավորների բարձրացրած մի շարք հարցերի պատասխանները: Անպատասխան մնացին, օրինակ, Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) հարցերը, թե որքա՞ն հավելյալ աշխատատեղեր են ստեղծվելու հաջորդ տարվա ընթացքում, որքանո՞վ կաճի բնակչությունը, ինչքանո՞վ կբարձրանա մարդկանց կենսամակարդակը:

«Շնորհակալություն պարոն նախարար չպատասխանելու համար», - ասաց Մինասյանը` հավելելով. - «Մենք գտնվում ենք կայուն անկայության վիճակում»:

Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները դեռ ուսումնասիրում են բյուջեի նախագիծը:

Դիրքորոշման մասին անգամ «Բարգավաճ Հայաստան»-ը չի հայտարարում, որը, հիշեցնենք, խոստացել էր «քարը քարին չթողնել», մատնացույց անել այս կառավարություն բացթողումները:
XS
SM
MD
LG