Մատչելիության հղումներ

Ուկրաինական ընդդիմության պնդմամբ` ընտրությունների արդյունքները կեղծվում են


Ուկրաինա - Քվեաթերթիկների հաշվարկը Կիեւի ընտրատեղամասերից մեկում, 29-ը հոկտեմբերի, 2012թ.

Ուկրաինա - Քվեաթերթիկների հաշվարկը Կիեւի ընտրատեղամասերից մեկում, 29-ը հոկտեմբերի, 2012թ.

Յուլիա Տիմոշենկոն բանտում անժամկետ հացադուլ է հայտարարել։

Ուկրաինայում ընտրատարածքային հանձնաժողովների զգալի մասն արդեն երկրորդ օրն է ինչ չի կարողանում ավարտել կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկը՝ հիմնականում տեխնիկական խնդիրներ մատնանշելով։

Ուկրաինական ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ ընտրատարածքային հանձնաժողովները դիտավորյալ են ձգձգում քվեների հաշվարկը` մինչեւ ամփոփիչ արձանագրությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղարկելը նպատակ ունենալով կեղծել դրանք հօգուտ իշխող Ռեգիոնների կուսակցության։

Ուկրաինական աղբյուրները հաղորդում են, որ որոշ հանձնաժողովներ, 36 ժամ շարունակ աշխատելով, արձանագրությունների 10-20 տոկոսն են ընդամենը հաշվարկել:

Սա է պատճառը, որ արձանագրվող կեղծիքների մասին խարկովյան բանտից հատուկ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ ազդարարելով անժամկետ հացադուլի մեկնարկը։

Այս անորոշության ֆոնին «Բատկիվշինա» կուսակցության համամասնական ցուցակի առաջին համար Արսենի Յացենյուկը երկուշաբթի օրը Կիեւում մանրամասնեց, թե որն է ընդդիմության թիվ մեկ խնդիրը պայքարի այս փուլում:

«Այժմ ընդդիմության գլխավոր նպատակը մեր ստացած քվեների պաշտպանությունն է։ Մեր նպատակն է, որպեսզի ընտրատարածքային հանձնաժողովներն ի վերջո օրինական որոշումներ ընդունեն արդյունքների հրապարակման մասին», - նշեց Յացենյուկը։

Արեւմուտքը եւս հետեւում է Ուկրաինայում քվեների հաշվարկին։ Եվրամիության ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Փիթեր Ստանոն նշել է. - «Ուկրաինական ընտրությունների վերջնական գնահատականը կախված է նաեւ հետընտրական զարգացումներից, որոնց մենք հետեւում ենք ուշի ուշով: Դա է պատճառը, որ շատ կարեւոր է, որպեսզի ուկրաինական իշխանություններն ապահովեն ընտրական պրոցեսի հետագա էտապների բնականոն անցկացումը, մասնավորաբար` դեռ չամփոփված քվեների հաշվարկը, արդյունքների ամփոփումն ու ընտրություններին վերաբերող բողոքների ընթացքը»:

Երկուշաբթի օրը եվրոպական բոլոր առաջատար դիտորդական առաքելությունները, այդ թվում` ԵԱՀԿ-ն եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, խիստ քննադատության ենթարկեցին ընտրությունները` նշելով, որ դրանք «հետընթաց էին ժողովրդավարական զարգացման ճանապարհին»:

Պաշտոնական Կիեւը, սակայն, գերադասում է ձեւացնել, թե չի նկատում այդ քննադատությունը: Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, օրինակ, հայտարարեց. - «Մեզ արդեն հայտնի են մի շարք դիտորդական առաքելությունների գնահատականները, դրանք բոլոր դրական են»։

«Ռեգիոնների կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել, դա որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Մենք հաղթել են թե՛ համամասնական ընտրակարգով եւ թե՛ մեծամասնական ընտատարածքների ճնշող մեծամասնությունում», - պնդում է ուկրաինական կառավարության ղեկավարը:

Ռեգիոնների կուսակցության թեկնածուները 225 մեծամասնական ընտրատարածքներից հաղթել են 116-ում: «Բատկիվշինա» կուսակցության առաջադրած մեծամասնական թեկնածուներից հաջողության են հասել 43-ը:

Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալների համաձայն, քվեների մոտ 90 տոկոսի հաշվարկից հետո 450-տեղանոց Գերագույն ռադայում իշխող Ռեգիոնների կուսակցությունը եւ նրա դաշնակիցը համարվող կոմունիստները միասին կտնօրինեն մանդատների ուղիղ կեսը` ունենալով 225 կամ 226 մանդատ, ինչը այդ երկու քաղաքական ուժերին հնարավորություն կտա հաստատել ապագա կառավարության կազմը:

Ընդդիմադիր երեք`«Բատկիվշինա», ազգայնական «Սվոբոդա» եւ բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի ՈւԴԱՌ կուսակցությունները միասին յոթերորդ գումարման ուկրաինական խորհրդարանում կունենան առնվազն 173 մանդատ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG