Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 30-ի մամուլ


«Ժամանակ»-ի թղթակիցը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «Նախագահական ընտրություններին ընդառաջ հերթական անգամ լարվել են Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հարաբերությունները: Արդյոք այդ լարվածության պատճառն ա՞յն է, որ ԲՀԿ-ն դեռ չի հայտարարել, թե ում թեկնածությունն է պաշտպանելու»: Պատասխան. - «Չեմ կարծում, որ «փոխհրաձգություններ» կամ «կրակոցներ» են հնչում: Մենք տարբեր քաղաքական ուժեր ենք եւ տարբեր հարցերի շուրջ կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ: Պարզապես վերջին օրերին վարչապետն էլ, ես էլ ներկայացրել ենք փաստը, որ նախագահական ընտրությունների հետ կապված ԲՀԿ-ի միակ պաշտոնական տեսակետն այն է, որ ստորագրել են մի փաստաթղթի տակ, որ 2013-ին պաշտպանելու են «գործող նախագահի» թեկնածությունը: Մենք հուշագրի մասին չենք խոսում, մենք խոսում ենք նախագահի ապագա թեկնածուի մասին, եւ չենք ասում, թե հուշագիրն է ուժի մեջ կամ՝ ուժի մեջ չէ: Իրենք նոր Ամերիկա չեն հայտնագործում, երբ ասում են, որ կոալիցիայում չեն: Իհարկե, կոալիցիայում չեք: Բայց խնդիրը կոալիցիայում լինել-չլինելու մեջ չէ: Խոսքը նախագահին պաշտպանելու այն հայտարարության մասին է, որը ստորագրվել է երեք կուսակցությունների կողմից»:

Նույն հարցով «Հրապարակ»-ի թղթակիցը դիմել է պատգամավոր Մկրտիչ Մինասյանին (ՀՀԿ): Լրագրողն ասում է. - «Տպավորություն է, թե, Պեպոյի բարաթի նման, այս թուղթը պինդ գրկել եք ու ԲՀԿ-ին փորձում եք շանտաժ անել»: Պատասխան. - «Կոնկրետ ես չեմ ուզում դա բարաթ դարձնել, դա ընդամենը փաստաթուղթ է, որը ստորագրել են, կմնա՞ն այդ դաշտում՝ կմնան, չէ՝ Աստված իրենց հետ: Չկա՝ չկա, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք շտապում, կգա ժամանակը, մի 15 օրից երեւի ամեն ինչ կպարզվի, կտեսնենք: Պետք է ասեմ, որ դրա վերաբերյալ այդ իդեաֆիքսը չկա, մենք մեր տեղում ենք, մեր գործն ենք անում: Այդ փաստաթուղթը ստորագրված է, եւ քաղաքական հիշողություն ունեցող որեւէ քաղաքական գործիչ, այդ թվում՝ քաղաքական լրագրողներ, իրենց հիշողության մեջ են պահում, ընդամենը դա՝ ոչ սրտի դավթար է, ոչ էլ այլ բան»:

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նա ասում է. - «Կստացվի՞ ԲՀԿ-ից ընդդիմություն, թե՞ ոչ: Ջանքեր կան ե՛ւ կուսակցության ներսում, ե՛ւ դրսում, մամուլի, շահագրգիռ ուժերի, ՀԱԿ-ի... Բայց ընդդիմություն լինելու համար դա շատ քիչ է: Հանրությունը խաբված է ընդդիմությունից: Ընդդիմության գաղափարը հայ հանրության մեջ միշտ կապված է եղել էմոցիոնալ մեծ վերելքի հետ: Ով էլ եղել է ընդդիմություն` Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արթուր Բաղդասարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ունեցել է ժողովրդի էմոցիոնալ անվերապահ աջակցությունը: ԲՀԿ-ն հաստատապես չի կարող էմոցիոնալ վերելք առաջացնել, որովհետեւ, ճիշտ է, հայ ժողովուրդը քաղաքականապես այնքան էլ գրագետ չէ, բայց զգացմունքային եւ ինտուիտիվ մակարդակով շատ կայուն է: Գուցե հիասթափությունից ժողովուրդը հօգուտ ԲՀԿ-ի քվեարկի, կարող են գործել ֆինանսական ազդակները, բայց ընդդիմության հարթակը այժմ Հայաստանում թափուր է եւ շատ երկար կարող է թափուր մնալ, եթե արմատապես չփոխվի վերաբերմունքն ընդդիմության հանդեպ հանրության մեջ»:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանին «Հայացք»-ը հարցնում է. - «Այս ընտրություններում մենք ուժեղ խաղացողներ չե՞նք ունենա»: Պատասխան. - «Ուժեղ խաղացողներ չենք ունենա, որովհետեւ խաղում են հասարակության ձայները գրավելու համար: Եվ եթե դրա կարիքը չկա, ապա բանակցություններ են վարում աշխարհաքաղաքական կենտրոնների` ՀՀ նախագահ նշանակելու հարցը ստանալուց հետո: ՀԱԿ-ի օրինակով ասեմ` եթե ՀԱԿ-ը չունենա աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցությունը, ինչպիսի թեկնածու էլ ունենա, անիմաստ կլինի ընտրություններին նրա մասնակցությունը:
Եվ բանն այն է, որ այս պահի դրությամբ դեռեւս չեմ կարող ասել, թե աշխարհաքաղաքական կենտրոններն ինչ-որ մի թեկնածուի վրա կանգ են առել: Բայց պետք է մի բան էլ հասկանանք, որ խաղադրույք դրվելու է ընդամենը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի թեկնածուների վրա»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնի «Փուչիների» գործով քրեական նոր գործ հարուցելու պահանջով օրերս հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` նշելով նոր հիմքեր այդ գործով նոր նախաքննություն իրականացնելու համար: Գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, այս գործը չի կարելի փակված կամ ավարտված համարել, քանի որ կարող են նոր հանգամանքներ ի հայտ գալ, եւ գործը կարող է բոլորովին այլ ընթացք ստանալ: Երեկ նա հայտնել է, որ դատախազություն ներկայացված բողոքին կցվել է գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի կնոջ` Մարինե Բոզոյանի` լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը»: Սաքունցը թերթին ասել է նաեւ, որ այս գործի ֆինանսական կողմը շատ կարեւոր է. - «Ի՞նչ գումար է վճարվել Բոզոյանին, դա կուսակցական բյուջեի՞ց էր, թե՞ այլ տեղից: Այս հարցերին էլ պետք է պատասխան լինի: Ես հարց եմ բարձրացնում` օրինական պայմանագիր եղե՞լ է, գումարը ո՞վ է վճարել, նախընտրական հիմնադրամի՞ց է եղել այդ գումարը»: Սաքունցի խոսքով, վերոնշյալ խնդրում առկա են քաղաքական կոռուպցիայի ռիսկեր, եւ սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է հնչեր գործով դատաքննության ընթացքում, ինչը, սակայն, չի արվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG