Մատչելիության հղումներ

logo-print

Խաղատների տեղափոխումը հանգստավայրեր կարող է հետաձգվել


Խաղատուն Երեւանի մերձակայքում, արխիվ

Խաղատուն Երեւանի մերձակայքում, արխիվ

Հունվարի 1-ից Հայաստանում խաղատները պետք է գործեին միայն Սեւան, Ջերմուկ, Ծաղկաձոր քաղաքներում, սակայն Կառավարությունն առաջարկում է հետաձգել օրենքի կիրառումը:

2013թ-ի հունվարի 1-ից Հայաստանում խաղատները պետք է գործեին միայն Սեւան, Ջերմուկ, Ծաղկաձոր քաղաքներում: Այս մասին օրենք ընդունվել էր դեռեւս 2010թ-ին, սակայն ԱԺ-ի քառօրյայի ընթացքում, ներկայացնելով կառավարության առաջարկը` Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ օրենքի կիրառումը կհետաձգվի մեկ տարով:

«Անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, որպեսզի մենք հաշվի առնենք մեր հայկական իրականությունը, մեր տնտեսության իրականությունը», - նշեց Արամյանը:

Այսօր Հայաստանում գործում է 100 խաղասրահ եւ 10 խաղատուն, որոնք տարեկան պետական բյուջե են վճարում 7-8 մլրդ դրամ:

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին 2010 թ. ընդունված օրենքի գործողության արդյունքում, ըստ փոխնախարարի, կտրուկ կնվազի խաղատների եւ խաղասրահների թիվը, իսկ բյուջեն կկրի շուրջ 6 մլրդ դրամի կորուստ: Կնվազի նաեւ այդ ոլորտում զբաղվածության մակարդակը. ներկայիս 1000-1300 աշխատողներից շուրջ 700-ը կդառնան գործազուրկ:

Արամյանի կարծիքով` սա բավականին զգայուն ոլորտ է եւ բազմաթիվ քննարկումների արդյունքում է որոշվել մեկ տարվա ընթացքում մշակել խաղային բիզնեսի զարգացման ծրագիր, որի հիման վրա էլ, ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում, կմշակվի օրենքների նախագծերի նոր փաթեթ եւ կներկայացվի Ազգային ժողով: Քննարկվել է նաեւ հարցը` սպանե՞լ առհասարակ այս ոլորտը, թե՞ զարգացնել, սակայն, ըստ փոխնախարարի․ - «Շահամոլ խաղը կարեւոր հանգույց է տուրիզմի զարգացման տեսանկյունից»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, թե բարոյական ինչ վնասներ է պատճառում խաղատունը հասարակությանը, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը հարց ուղղեց ֆինանսների փոխնախարարարին․ - «Քաղաքցիների ո՞ր տոկոսը պատրաստ կլինեն ընտանեկան հանգիստը անցկացնել այնտեղ, որտեղ հանգստյան տներում կարող են լինել կազինոներ»:

«Նույն ձեւով ես կարող եմ հակադարձել՝ իսկ ինչպե՞ս է այսօրվա դրությամբ իրավիճակը նույն Լաս Վեգասում: Որեւիցե անհանգստություն կոնկրետ չեն պատճառում կազինոները այն մարդկանց, որոնք ուղղակի եկել են Լաս Վեգաս հանգստանալու», - պատասխանեց Վարդան Արամյանը ու հավելեց, որ այս ոլորտը պետք է լինի խիստ վերահսկելի:

Ինչքան էլ դաշտը վերահսկվի, այնուամենայնիվ խաղատները հասարակության մի լուրջ խմբի հրահրում են հանցագործության: Այս մասին էլ խոսեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հարց բարձրացնելով․ - «Բա էս ուղղությամբ պայքարը որտե՞ղ պետք է երեւա: Բյուջե թող փող գա՝ ջհանդամ թե էնտեղ հասարակության անդամները չեն փչանա՞»:

Օտարերկրացիները չե՞ն գա Հայաստան խաղալու


Սենատոր խաղատան փոխտնօրեն Կարեն Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ ունեցած զրույցում խոստովանեց, որ իրենց հաճախորդների կեսից ավելին օտարերկրացիներ են՝ հիմնականում այն երկրներից, որտեղ արգելված է խաղատների գործունեությունը, մասնավորապես՝ Պարսկաստան:

Կան ուրիշ երկրներ, որոնք ավելի լավ պայմաններ են առաջարկում ...

Կարեն Մկրտչյանի խոսքով, իրենց հաճախորդների հետ շրջայց են կատարել Սեւան, Ջերմուկ, Ծաղկաձոր քաղաքներով, հասկանալու՝ կգա՞ն արդյոք նրանք այստեղ խաղալու:

«Բոլորը նշում են, որ իրենք էլ չեն գա Հայաստան խաղալու», - նշեց Մկրտչյանը, - «Կան ուրիշ երկրներ, որոնք ավելի լավ պայմաններ են առաջարկում, մասնավորապես՝ Կիպրոս, Բուլղարիա»:
XS
SM
MD
LG