Մատչելիության հղումներ

Սիրիայում վիճակը վատթարանում է


Ռուսաստան – Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՄԱԿ֊ի եւ Արաբական լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին (ձ) Մոսկվայում իրենց հանդիպման ժամանակ, 29-ը հոկտեմբերի, 2012թ․
Ռուսաստան – Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ՄԱԿ֊ի եւ Արաբական լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին (ձ) Մոսկվայում իրենց հանդիպման ժամանակ, 29-ը հոկտեմբերի, 2012թ․

Մոսկվայում այսօր համատեղ ասուլիսով հանդես են եկել Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Սիրիայի ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսում նշել է, որ իրավիճակն այդ երկրում վատ է եւ ժամ առ ժամ վատթարանում է։

«Մենք պետք է որքան հնարավոր է ակտիվ շարունակենք մեր աշխատանքը, համագործակցենք բոլորի հետ ե՛ւ Սիրիայում, ե՛ւ դրսում՝ նպատակ ունենալով նվազեցնել բռնությունները։ Պետք է սիրիացիներին համոզենք ընտրել նոր Սիրիա կառուցելու ճանապարհը»,- ասել է Բրահիմին։

Հրադադարը, որը կնքվել է Էյդ ալ-Ադհա մահմեդական տոնի առիթով, պետք է ուժի մեջ լիներ 4 օր, սակայն գործնականում չի պահպանվել, քանի որ ե՛ւ կառավարական ուժերը, ե՛ւ ապստամբները շարունակել են մարտական գործողությունները, ընդ որում միմյանց են մեղադրել այն խախտելու համար։

Այսօր Սիրիայի պետական հեռուստակայանը հաղորդել է, որ մայրաքաղաք Դամասկոսում 10 մարդ է սպանվել, ինչպես վարչակարգն է պնդում` «ահաբեկիչների ականած մեքենայի պայթյունից»։

Սիրիայի ապստամբները պնդում են, որ անցած ուրբաթ օրը զինադադարը կնքելուց հետո Սիրիայում հարյուրավոր մարդիկ են սպանվել։

Մոսկովյան ասուլիսին մասնակցող արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե միջազգային համայնքը Սիրիայի հարցում պարտավոր է համաձայնեցված գործել:

«Անհրաժեշտ է, որ բոլոր օտար դերակատարները իրենց ազդեցությունը բանեցնեն Սիրիայի բոլոր խմբավորումների` ե՛ւ կառավարության, ե՛ւ ընդդիմության վրա, որը միատարր չէ, եւ ոչ թե խրախուսեն բռնություններն ու արյունահեղությունը, այլ համոզեն սիրիացիներին անհապաղ հրադադար հաստատել եւ բանակցել»,- ասել է Լավրովը։

Այսօր Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում Սիրիայի վիճակին է անդրադարձել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը։

«Ինձ խիստ հիասթափեցրել է այն, որ Սիրիայում կողմերը չեն պահպանել հրադադարը։ Խնդիրը չի լուծվի զենքով եւ արյունահեղությամբ։ Եւս մեկ անգամ կոչ եմ անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։ Ես նորից կոչ եմ անում Անվտանգության խորհրդին եւ տարածաշրջանի երկրներին` սատարել Լախդար Բրահիմիի առաքելությանը», - ասել է Բան Կի-մունը։

Բրահիմին այս տարվա ապրիլին է ստանձնել բանագնացի լիազորությունները՝ այդ պաշտոնում փոխարինելով ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանին։

Բրահիմին առաջարկել էր անժամկետ հրադադար, որին պետք է հաջորդեր քաղաքական բանակցությունների փուլը, սակայն այդ ծրագիրը չի իրականացվել։

Լախդար Բրահիմին Մոսկվայից կմեկնի Պեկին։ Երկօրյա այցի մանրամասները դեռ հայտնի չեն։

Ռուսաստանը եւ Չինաստանը երեք անգամ վետո են սահմանել բռնությունների համար Բաշար ալ-Ասադի վարչակարգը դատապարտող՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG