Մատչելիության հղումներ

Վրաստանի նախկին վարչապետի մահվան գործը վերանայվում է


Վրաստան -- Արդարադատության նախարար Թիա Ծուլուկիանին հայտարարում է Ժվանիայի եւ Գիրգվլիանիի գործերի վերանայման մասին, 29֊ը հոկտեմբերի, 2012թ․

Վրաստան -- Արդարադատության նախարար Թիա Ծուլուկիանին հայտարարում է Ժվանիայի եւ Գիրգվլիանիի գործերի վերանայման մասին, 29֊ը հոկտեմբերի, 2012թ․

Վրաստանի նոր կառավարության արդարադատության նախարար Թիա Ծուլուկիանին պաշտոնում նշանակվելուց մեկ շաբաթ անց հայտարարեց, որ վերանայվելու են Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի, ինպես նաեւ բանկիր Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործերը, որովհետեւ մի շարք հարցեր մնացել են անպատասխան:

Վարդերի հեղափոխությունից հետո շարժման առաջնորդներից մեկը՝ Զուրաբ Ժվանիան, նշանակվեց Վրաստանի վարչապետ, սակայն մեկ տարի անց նրան մահացած հայտնաբերեցին Թբիլիսիի բնակարաններից մեկում:

2005 թվականի փետրվարի 3-ին Ժվանիայի ու Քվեմո Քարթլիի վարչակազմի ղեկավարի տեղակալ Ռաուլ Յուսուպովի մահացած մարմինները հայտնաբերվեցին Թբիլիսիի բնակարաններից մեկում: Իշխանությունները, ներառյալ այն ժամանակ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, շտապեցին հայտարարել է, թե նրանք թունավորվել են իրանական արտադրության գազի վառարանից արտահետված թունավոր գազից: Ըստ պաշտոնական վարկածի՝ վառարանը այդ բնակարանում սխալ էր տեղադրվել, արտանետված թունավոր շմոլ գազը լցվել էր բնակարանի մեջ, որի հետեւանքով մահացել էին Ժվանիան ու Յուսուպովը:

Պաշտոնական Թբիլիսին, հետաքննությանը օգնելու նպատակով, նույնիսկ դիմել էր ԱՄՆ-ի Դաշնային հետաքննությունների բյուրոյին, որտեղից գործակալ էր ժամանել Թբիլիսի:

Այնուհանդերձ, Զուրաբ Ժվանիայի մահից յոթ տարի անց նրա մահվան պատճառների, հանգամանքների կապակցությամբ դեռ կասկածներ կան: Նրա եղբայրը՝ Գիորգի Ժվանիան պնդում է, որ զոհերը մահացել են այլ վայրում ու արդեն մահից հետո նրանց մարմինները տեղափոխվել են այդ բնակարանը:

Այդ բնակարանը միջադեպից մի քանի ամիս առաջ վարձակալել էր Ժվանիայի թիկնապահներից մեկը՝ Միշա Ձաձամիան: Ըստ այդ գործը լուսաբանած լրատվամիջոցների հրապարակումների՝ Ձաձամիան բնակարանը վարձակալել էր իր սիրուհու հետ հանդիպումների համար:

Ժվանիան խնդրել է ժամանակավորապես օգտագործել բնակարանը գաղտնի հանդիպման համար, բայց երբ նա երկար ժամանակ կապ չի հաստատել թիկնապահների հետ Ձաձամիան, մեկ ուրիշ թիկնապահի հետ ջարդելով պատուհանը, ներս է մտել ու խոհանոցում հայտնաբերել նրանց մարմինները: Ըստ թիկնապահների վկայության՝ բնակարանում ահավոր հոտ կար, ասես այրված ինչ-որ բանի հոտ լիներ:

Ժամեր անց ներքին գործերի նախարար Մերաբիշվիլին հայտարարեց, թե նրանք խեղդամահ են եղել շմոլ գազից:

Առաջին կասկածներից մեկն այն էր, որ շմոլ գազը հոտ չունի: Իսկ առաջինը բնակարան մտած թիկնապահները ասել էին, թե ներսում ծանր հոտ կար: Բացի դրանից հայտնի դարձավ, որ այդ փողոցի գազամատակարարումը ժամեր առաջ դադարեցվել էր, քանի որ բնակիչները ահազանգել էին, թե գազի արտահոսք կա:

ԱՄՆ-ի Ֆեդերալ հետաքննությունների բյուրոյի գործակալը, որը ժամանել էր Վրաստան, այդպես էլ պաշտոնապես, միանշանակ չի հաստատել, որ Ժվանիայի ու Յուսուպովի մահվան պատճառը կարող էր լինել գազից թունավորվելը:

Նախկին վարչապետի եղբայրը ՝ Գիորգի Ժվանիան, կասկածներ հայտնելով, որ իր եղբայրը ուրիշ վայրում է մահացել, ընդգծում էր, որ այդ բնակարանում չեն հայտնաբերվել ո՛չ իր եղբոր, ո՛չ էլ Յուսուպովի մատնահետքերը:

Գիորգի Ժվանիան Maestro TV-ի հարցազրույցում երեք բարձրաստիճան պաշտոնյայի անուններ է տվել՝ պնդելով, որ նրանք առնչություն ունեն իր եղբոր ու Յուսուպովի մարմինները տեղափոխելու գործի հետ: Նա տվել է նախկին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու, նախկին փոխվարչապետ Գիորգի Բարամիձեի ու նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլիի անունները: Վերջինս այս տարվա հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո լքել է Վրաստանը:

Նախկին գլխավոր դատախազի՝ Վրաստանից հեռանալու լուրը հաստատել է Իվանիշվիլիի կառավարության նորանշանակ արդարադատության նախարար Թիա Ծուլուկիանին:

Ժվանիայի մահից երկու տարի անց՝ 2007-ին, Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրաքլի Օկրուաշվիլին հեռուստատեսությամբ հրապարակայնորեն երկրի նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի դեմ ծանր մեղադրանքներ հնչեցրեց՝ նրան մեղադրելով կոռուպցիայի ու իր քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու մեջ: Օկրուաշվիլին նաեւ ասել էր, թե գիտի, որ Ժվանիան այնտեղ չի մահացել, որտեղ նրան հայտնաբերել են:

2005-ին վարչապետի պաշտոնում Ժվանիային հաջորդած Զուրաբ Նողայդելին նույնպես ակնարկել էր, թե վարկաբեկիչ մանրամասների է տիրապետում Ժվանիայի մահվան հանգամանքների մասին, սակայն ավելին նա ոչինչ չասաց:

Ինչ վերաբերում է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի գործին, ապա ծեծի ենթարկված ու կոկորդից դանակահարված նրա մարմինը հայտնաբերվել էր 2006 թվականի հունվարին՝ Թբիլիսիի մոտակայքում: Ըստ որոշ ականատեսների՝ նախորդ գիշերը Թբիլիսիի բարերից մեկում վիճաբանություն էր տեղի ունեցել նրա եւ ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: Այդ վիճաբանության մեջ ներքաշվել էր նաեւ ՆԳ նախկին նախարար Մերաբիշվիլիի կինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG