Մատչելիության հղումներ

Կմեկնարկի «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը


Վրեժ Քասունի, Լուսինե Քասարջյան

Վրեժ Քասունի, Լուսինե Քասարջյան

Այս տարի «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը կանցկացվի նոյեմբերի 3-9-ին: Փառատոնին կներկայացվի մոտ 400 ֆիլմ աշխարհի 40 երկրներից:

Արտերկրից ժամանած հյուրերը շատ չեն լինի, սակայն փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունու խոսքով` վարպետության դասերի որակը դրանից չի տուժի: Երկուշաբթի կայացած ասուլիսում Քասունին հավելեց, որ նախորդ տարվա վարպետության դասերի արդյունքում հայ երիտասարդները մասնակցել Գերմանիայում անցկացված դասընթացներին:

«Ռոբերտ Բոշ հիմնադրամի ծրագրի շրջանակներում Հայաստանից ներկայացվեց 13 նախագիծ, որոնցից 5-ն ընտրվեցին, Վրաստանից` 9, Ադրբեջանից` զրո, եւ սա խոսում ենք երիտասարդների մասին, ում անունները երբեւէ չենք լսել», - ասաց Քասունին:

Փառատոնը ունի 6 մրցութային անվանակարգեր` լավագույն լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, գովազդային եւ այս տարի առաջին անգամ ներկայացվելիք՝ լավագույն երաժշտական անիմացիոն ֆիլմ:

Չորրորդ «Ռեանիմանիայի» նորություններից մյուսն էլ այն է, որ անիմացիոն ֆիլմերի հեղինակներին հնարավորություն է ընձեռնվում ներկայացնել իրենց՝ դեռ անավարտ աշխատանքները Work in progress ծրագրի շրջանակներում:

«Նպատակն այն է, որ ներկայացման ժամանակ մենք հրավիրենք լրագրողների, հանդիսատես եւ անհատների, ովքեր կարող են ապագայում հովանավորել ֆիլմը, եթե հավանեն այն, եթե` ոչ, սա կարող է ֆիլմի համար լավ փիար լինել, քանի որ հետո մենք անհամբեր սպասելու ենք, թե երբ է այն ավարտվելու», - նշեց Քասունին:

Փառատոնի հիմնադիրը հավելեց, որ հատկապես անիմացիայի ոլորտում այսպիսի փորձ Հայաստանում դեռ չի եղել: Ունեն 5 հեղինակների հայտ, ովքեր ցանկանում են ներկայացնել իրենց անավարտ աշխատանքերը:
XS
SM
MD
LG