Մատչելիության հղումներ

«Արտակ Նազարյանի ինքնասպանության վարկածը դատարանում հերքվել է»


Ծովինար Նազարյան, Մուշեղ Շուշանյան

Ծովինար Նազարյան, Մուշեղ Շուշանյան

Պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի ինքնասպանության վարկածը դատարանում հերքվել է, երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց Նազարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Մուշեղ Շուշանյանը` անհրաժեշտ համարելով, որպեսզի դատարանը գործը նոր քննության վերադարձնելու որոշում կայացնի:

«Դատարանում բազմաթիվ խախտումների, հանցանքների մասին փաստեր են բացահայտվել: Այս պահի դրությամբ արդեն բոլոր հիմքերը կան ասելու, որ նախաքննության մարմնի վարկածն ամբողջությամբ հերքված է: Դատարանը հիմա մի ճանապարհ ունի` պետք է միջնորդությամբ հանդես գա դատախազության առջեւ Արտակ Նազարյանի սպանության գործով նոր քրեական գործ հարուցելու», - հայտարարեց Շուշանյանը:

Տավուշի մարզի զորամասերից մեկի դիրքերում 2010 թվականի հուլիսի 27-ին 30-ամյա Արտակ Նազարյանի «ինքնասպանության գործը» իրավահաջորդների եւ պաշտպանի պնդմամբ` «փլվել է» հենց ամբաստանյալների եւ վկաների ցուցմունքներով: Ամբաստանյալներից երկուսը դատարանի դահլիճում հրաժարվել իրենց նախաքննական ցուցմունքներից` հայտարարելով, որ Ռազմական ոստիկանությունում իրենց խոշտանգումների են ենթարկել Արտակ Նազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ «սուտ ցուցմունք» կորզելու նպատակով:

«Իսկ վկաների հարցաքննության ընթացքում պարզվեց, որ բոլոր վկաները շաբաթներ շարունակ` 10, 23, 25 օր ապօրինաբար զրկվել են ազատությունից եւ պահվել են Բերդ քաղաքի Ռազմական ոստիկանությունում: Միայն այդ փաստը բավարար է, որպեսզի բոլոր այդ վկաների նախաքննական ցուցմունքները ճանաչվեն անթույլատրելի ապացույցներ: Այսինքն, ի՞նչ է կատարվել` քննիչը անօրինական եղանակներով նախաքննության ընթացքում զինծառայողներից, վկաներից կորզել է ինչ-ինչ ապացույցներ, որոնց մեծ մասը դատարանում ջարդվեցին, եւ այդ ցուցմունքներն ամրապնդելու համար գործարկվել է դատական հոգեբան Էլդա Գրինի եզրակացությունը: Տիկին Գրինը նման եզրակացությունների «արտադրություն» է բացել եւ բանակում սպանությունների բոլոր գործերով նման եզրակացություններ է տալիս: Տիկին Գրինին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը մենք այս դատավարության ընթացքում անպայման բարձրացնելու ենք», - ասաց Շուշանյանը:

Նազարյանի վերաբերյալ դատահոգեբուժական-դատահոգեբանական եզրակացության մեջ նշված է, որ «Արտակ Նազարյանը դեպքին նախորդած ժամանակահատվածում եղել է հոգեճնշված, հուսահատված, ծայրաստիճան տագնապալի վիճակում` սուբյեկտիվորեն դա ընդունելով որպես անելանելի, իսկ կյանքը շարունակելը` անիմաստ»: Չնայած հարազատների բողոքներին, դատարանը չի բավարարել կրկնակի փորձաքննություն նշանակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Նազարյանի հարազատների պնդմամբ` գործով մեղադրվող հինգ զինծառայողներին վերագրվող վերջին գործողությունները տեղի են ունեցել դեպքի նախորդ օրը, մինչդեռ որեւէ քննություն չի կատարվել պարզելու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել Արտակի մահվանը նախորդած վեց ժամերի ընթացքում: Շուշանյանի, Նազարյանի քրոջ` Ծովինար Նազարյանի եւ իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանի կարծիքով` հենց վերջին ժամերի տեղի ունեցածն է նրա համար ճակատագրական եղել:

«Մինչդեռ հենց այդ ժամանակ էլ կատարվել են այն իրադարձությունները, որոնք հանգեցրել են Արտակ Նազարյանի սպանությանը: Այսպես, ըստ դատաբժշկի, դեպքից ոչ շատ առաջ Արտակ Նազարյանին ծեծել եւ խոշտանգել են», - հայտարարեց Ռուբեն Մարտիրոսյանը:

«Արտակ Նազարյանի արյան մեջ հայտնաբերվել է խմիչք: Խմիչքն ընդունել է մահից ժամ, ժամուկես առաջ, եւ քննիչը չի պարզել, թե ում հետ է խմել, ինչ է խմել, երբ է խմել», - հավելեց Ծովինար Նազարյանը:

«Դեպքից ժամեր առաջ հեռախոսային խոսակցություն է տեղի ունեցել Արտակ Նազարյանի եւ վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի միջեւ: Գագիկ Ուդումյանը վիրավորական արտահայտություն է օգտագործել Նազարյանի հասցեին, Նազարյանը պատասխանել է նույն կերպ, որից հետո Գագիկ Ուդումյանը սպառնացել է, թե «վաղը կգամ, քո հարցերը կլուծեմ»… Այնինչ այդ ուղղությամբ որեւէ քննություն քննիչի կողմից չի կատարվել», - հայտարարեց Մուշեղ Շուշանյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե դատաքննության ընթացքում ամրապնդվե՞լ են այն կասկածները, որ հանցագործության իրական մեղավորները ազատության մեջ են, իսկ գործով ամբաստանյալները կապ չունեն կատարվածի հետ, Ծովինար Նազարյանը պատասխանեց. - «Նոր քրեական գործ պետք է հարուցվի սպանության հատկանիշներով, նոր քննություն պետք է կատարվի եւ պարզվեն մեղավորները: Մենք համոզված ենք, որ համենայնդեպս, շարքայինները ընդհանրապես որեւէ կապ չունեն այս ամենի հետ»:

Հավելեմ, որ դատաքննության գործընթացում պաշտպանության նախարարությունը ձեռնպահ է զոհվածի ներկայացուցիչների պնդումների վերաբերյալ մեկնաբանություններից: Քննչական մարմիններն ու զինդատախազությունը ի սկզբանե եւ պարբերաբար հերքել են Արտակ Նազարյանի սպանության հնարավորությունը:
XS
SM
MD
LG