Մատչելիության հղումներ

Թիվ 35 ընտրատարածքում ՀՀԿ-ական թեկնածուի մրցակիցները պակասում են


Գյումրիի քաղաքապետարանը, արխիվ

Գյումրիի քաղաքապետարանը, արխիվ

Թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին առաջադրված 3 թեկնածուներից 1-ը՝ անկուսակցական Արման Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել մինչեւ գրանցումը, ետ ստացել 1 միլիոն դրամ ընտրագրավը:

Այսպիսով, դեկտեմբերի 2-ին երկու թեկնածու կմրցի պատգամավորի մանդատի համար՝ հանրապետական Արման Սահակյանն ու Հայ ազգային կոնգրեսից Մուրադ Գրիգորյանը: Ընդ որում, երկու թեկնածուն էլ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում կրկին մրցում էին միմյանց դեմ՝ Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր ընտրվեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը:

Արման Սահակյանի թեկնածությունը Հանրապետական կուսակցությունն է առաջադրել, ու ըստ շրջանառվող լուրերի, նախորդ ընտրություններում պարտվելուց հետո ՀՀԿ-ն այնուամենայնիվ որոշել է ցանկացած գնով նրան պատգամավոր դարձնել:

Ինքը՝ ՀՀԿ-ական թեկնածուն, առաջադրվելու իր որոշումը այսպես է մեկնաբանում․ - «Անցած ընտրությանը, գիտեք, 14 հազարից ավելի ձայն հավաքեցի, բայց չհաղթեցի, չնայած կարծում եմ, 14 հազար ձայնը ինքն իրենով երեւի թե նաեւ հաղթանակ է: Չեմ ընտրվել, հիմա բնականաբար շանսերս ես էլ եմ բավական մեծ գնահատում, որովհետեւ ես գիտակցում եմ, որ 14 հազար մարդ ամեն դեպքում ինձ համար քվեարկել է, ինչ-որ հույսեր ունենալով կամ ինչ-որ սպասելիքներ»:
Այս ընտրությունները կանխորոշված են համարվում: Քաղաքական որոշ ուժեր էլ, որոնք հրաժարվեցին ընտրապայքարին մասնակցել, թեկնածուին «նշանակովի» պատգամավոր են համարում:

Արման Սահակյանը դրանք «զուտ խոսակցություններ» որակեց, նշելով, որ առաջադրված երկու թեկնածու կա եւ, իհարկե, մրցակցություն կլինի:

Նշենք, որ Գյումրիից զատ, թիվ 35 ընտրատարածքը նաեւ 16 գյուղական համայնք է ընդգրկում:
XS
SM
MD
LG