Մատչելիության հղումներ

Օբաման շնորհավորել է Իվանիշվիլիին


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ, հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Նորլանդը այսօր Իվանիշվիլիի հետ հանդիպման ավարտին, որի ժամանակ նրան է փոխանցել Օբամայի ուղերձը։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` դեսպանը հույս է հայտնել, որ վրաց - ամերիկյան ռազմավարական գործընկերությունը կշարունակվի, եւ պաշտոնական Վաշինգտոնը կշարունակի աջակցել Թբիլիսիի եվրատլանտյան ձգտումներին։

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներ Իվանիշվիլիի այցին, ապա, ըստ Նորլանդի, հանդիպման ժամանակ այդ հարցը չի քննարկվել։

Վրաստանի նորանշանակ վարչապետը հանդիպումից հետո նշել է, թե իր համար հաճելի է, որ ԱՄՆ-ի նախագահը ընտրարշավի թեժ շրջանում ժամանակ է գտել եւ շնորհավորել իրեն։

«Պետք է անել ամեն ինչ` խորացնելու համար հարաբերությունները մեր ամենամեծ գործընկերոջ` ԱՄՆ-ի հետ», - լրագրողներին ասել է, մասնավորապես, Իվանիշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG