Մատչելիության հղումներ

«ՏաԹեւեր» ճոպանուղու ուղեւորները տարհանվել են


Երեկ ժամը 16։12 Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ «ՏաԹեւեր» ճոպանուղու անվտանգության համակարգը կայծակի հետեւանքով ավտոմատ դադարեցրել է աշխատանքը, խցիկները՝ 41 ուղեւորով, մնացել են մոտ 50 մետր բարձրության վրա:

Նախարարության հաղորդագրության համաձայն` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարները եւ «ԻՄԱՔ» ընկերության «ՏաԹեւեր» ճոպանողու աշխատակիցները երկու խցիկներում գտնվող 41 ուղեւորներին, որոնցից 17-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ, 18-ը` կին, 7-ը` երեխա, տարհանել եւ տեղափոխել են անվտանգ տարածք: Զոհեր եւ տուժածներ չկան:

Միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաեւ «ՏաԹեւեր» ճոպանուղու հասարակայնության հետ կապերի ծառայությունը` նշելով, որ երեկ ժամը 15:41 Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում եղանակային կտրուկ փոփոխությունների` կայծակի արդյունքում ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ դադարեցրել է ճոպանուղու ընթացքը:

«ՏաԹեւեր»-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղեւորների անվտանգությունը։ Այնուհետեւ ավտոմատ կերպով կարգաբերվում են բոլոր ռեժիմները, եւ շարունակվում է խցիկների ընթացքը», - պարզաբանում է ճոպանուղու հասարակայնության հետ կապերի ծառայությունը` ճշտելով, որ երեկ դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են ընդամենը 18 մետր բարձրության վրա:

Տարհանված բոլոր ուղեւորներին օպերատիվ կարգով տրամադրվել է ժամանակավոր կացարան, սնունդ, տեղում են եղել ոստիկանության եւ շտապ օգնության աշխատակիցները, ասված է հաղորդագրությունում։

«ՏաԹեւեր» ճոպանուղին տարեկան անվտանգության ստուգումներ է անցնում թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան համապատասխան ընկերությունների կողմից: Doppelmayr-Garaventa ավստրա-շվեյցարական ընկերության մասնագետների վերջին ստուգման ընթացքում ճոպանուղու բոլոր համակարգերը գնահատվել են գերազանց: Այս միջադեպը եւ տարհանված ուղեւորների գոհունակությունը վկայեցին, որ «ՏաԹեւեր» ճոպանուղու անվտանգության համակարգերը եւ աշխատակիցների պատրաստվածությունը լիովին համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին», - վստահեցնում է ճոպանուղու հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG