Մատչելիության հղումներ

logo-print

Բրյուսելում ավարտվեց ԵՄ - Հայաստան բանակցությունների հերթական փուլը


Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Բրյուսելում երեկ ավարտվել է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների 10-րդ փուլը:

Հայկական պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք գոհ են արդյունքներից. - «Իրապես տեսնում ենք եզրերը, որ ավարտենք գործընթացը»:

Հարցին, թե Ասոցացման համաձայնագրում էներգետիկայի ոլորտին վերաբերող բաժնի անավարտ լինելը կապ ունի՞ ատոմակայանի խնդրի հետ, փոխարտգործնախարարը պատասխանեց, որ լուրջ հակասություններ չկան, սակայն կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն. - «Մենք ունենք որոշ դիրեկտիվների կիրառման վերաբերյալ աշխատանքներ ավարտելու, թե որ ժամանակահատվածի մեջ որ դիրեկտիվները կարող ենք ներդնել մեր համակարգի մեջ: Չեմ ասի, որ մենք ունենք լուրջ տարաձայնություններ, որովհետեւ սա մի հարց չէ, որը նոր է եկել մեր օրակարգ, սա միշտ եղել է մեր օրակարգի մեջ»:

«Եվրամիությունը շատ կարեւոր ներգրավվածություն է ունենում ատոմակայանի անվտանգությունն ապահովելու, պահպանելու առումով, եւ ոչ միայն տեխնիկական, այլեւ ֆինանսական աջակցություն է ունեցել», - հավելեց փոխնախարարը:

Զոհրաբ Մնացականյանը նաեւ կարծիք հայտնեց, որ կան բոլոր անրաժեշտ նախապայմաններն ու քաղաքական կամքը, որպեսզի Հայաստանը 2013-ին ավարտի Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ հիմնական աշխատանքային քննարկումները եւ անցնի ընթացակարգային փուլին:

Հարցին, թե արդյոք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելը ազդեցություն է ունեցել Եվրամիություն - Հայաստանի հարաբերությունների վրա, Մնացականյանն արձագանքեց. - «Սա մեր երկկողմ հարաբերություններն են եւ առանձին հարց է: Ինչ վերաբերում է Եվրամիության մեր օրակարգին, մենք այսօր աշխատում ենք Եվրամիության հետ նույն տրամաբանությամբ, որեւէ խախտում չկա մեր աշխատանքի մեջ այս հարցում»:

Առաջիկայում Հայաստանը Եվրամիության հետ կշարունակի բանակցությունները խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ:

Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում Արեւելյան գործընկերության 6 երկրներից Մոլդովան, Վրաստանը եւ Հայաստանը առաջընթաց են արձանագրում, բանակցային փուլը ավարտած Ուկրաինան քաղաքական դրության պատճառով դեռ ընթացակարգային փուլին չի անցել, Ադրբեջանը դանդաղում է, իսկ Բելառուսի հետ բանակցությունները դեռ չեն մեկնարկել:
XS
SM
MD
LG