Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 27-ի «մինչեւ վերջ բացահայտումը մեր պետության պատիվն է»


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ձեւակերպմամբ` այն, ինչ տեղի ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ոճրագործություն էր Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովորդի նկատմամբ, եւ եթե կան մարդիկ, ովքեր կանգնած են եղել ոճրագործության հետեւում, նրանք պետք է հայտնաբերվեն ու պատժվեն:

«Եթե կան ինչ-որ թաքնված դեպքեր, պետք է հայտնաբերվեն», - Այսօր Ազգային ժողովի բակում` ոճրագործության հետեւանքով սպանված պետական ութ գործիչների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի ունեցած հիշատակման արարողությունից հետո լրագրողներին ասաց Հովիկ Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե չի դադարում քննադատությունն իշխանություների հասցեին, որ անցած 13 տարիների ընթացքում անհրաժեշտ ջանքեր չեն գործադրվել ու չեն գործադրվում ոճրագործության կազմակերպիչներին բացահայտելու ու պատժելու համար, Ազգային ժողովի նախագահն արձագանքեց. - «Համամիտ չեմ, որ ջանք չի գործադրվել… Նույնիսկ այնպիսի մարդիկ են ներգրավված եղել այդ գործընթացներում, որ իրոք շատ շահագրգիռ են եղել, որպեսզի բացահայտեն մինչեւ վերջ: Համամիտ չեմ, որ կան մարդիկ, որ չեն ուզում, որ մինչեւ վերջ բացահայտվի»:

«Դա մեր ազգի, մեր պետության, մեր ժողովրդի պատիվն է, որ մինչեւ վերջ բացահայտվի: Եթե կան էլի մարդիկ, որ մինչեւ այսօր հայտնաբերված չեն, թող հայտնաբերվեն», - հավելեց խորհրդարանի խոսնակը:

Ազգային ժողովի բակում այսօր տեղի ունեցած հիշատակման արարողությանը ներկա էին պատգամավորներ խորհրդարանական բոլոր խմբակցություններից:

Ներկա էր նաեւ Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը: «Ո'չ մոռանալու է, ո'չ ներելու է թե' հարազատների, թե' հասարակության կողմից: Եվ բացահայտելու պահանջը մնում է ուժի մեջ միշտ: Դա միանշանակ է», - ասաց նա` շարունակելով. - «Բայց այսօր ես ուզում եմ շնորհակալություն ասել Ազգային ժողոցվոի ղեկավարությանը, Հովիկ Աբրահամյանին` այս չարաբաստիկ 27-ի օրը հետեւողական հիշելու, հարգելու [համար]»:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի զինված հանցախումբը, ներխուժելով խորհրդարանի նիստերի դահլիճ, իրականացրեց աննախադեպ ահաբեկչություն` գնդակահարելով 8 պետական գործիչների` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին եւ նախարար Լեոնարդ Պետրոսյանին: 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

«Լինենք անկեղծ` յուրաքանչյուրիս մտքում եւ հոգում մշտապես կա [այն], որ ի վերջո` սա կազմակերպված հանցագործություն էր», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խորհրդարանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: - «Եվ բոլորիս մտքում կա հարցը` ի վերջո երբեւէ այս կազմակերպված սպանդի պատվիրատուները եւ կազմակերպիչները կբացահայտվե՞ն, թե՞ ոչ: Եթե անգամ անընդհատ փորձենք շրջանցել այդ հարցը, հարցը դրանից չի վերանալու: Հարցը կա»:

«Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումն է, որ կազմակերպիչների մասով քրեական գործի նախաքննությունը կարճվել է ապօրինաբար: Դա նշանակում է, որ մենք կարծում ենք, որ կազմակեպիչների մասով պատշաճ քննություն չի իրականացվել»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկլոլ Փաշինյանը` շարունակելով. - «Հոկտեմբերի 27-ը ոչնչացրեց իշխանության լեգիտիմ հատվածը, եւ մինչեւ օրս այդ առումով Հոկտեմբերի 27-ի հետեւանքները վերացված չեն, որովհետեւ Հայաստանում դրանից հետո չի եղել լեգիտիմ իշխանություն»:

Նշենք, որ այսօր Պանթեոն ու Եռաբլուր այցելեց ու զոհվածների հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցեց Հանրապետության առաջին նախագահ, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` Կոնգրեսի ղեկավար կազմի հետ միասին:

Տեր-Պետրոսյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:

Հայաստանի նախագահի եւ վարչապետի մամուլի ծառայություններից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նրանց օրակարգում այցելություններ Պանթեոն ու Եռաբուլ այսօր նախատեսված չի եղել: Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը տարվա ընթացքում մի քանի անգամ այցելում է Պանթեոն ու Եռաբլուր` իր հարգանքի տուրքը մատուցելով Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG