Մատչելիության հղումներ

Սիրիայի պատերազմական իրավիճակի պատճառով Հայաստան եկած սիրիահայերը համախմբվելով` ստեղծել են հասարակական կազմակերպություն: Սիրիահայերի հիմնախնդիրները կարգավորող կենտրոնը տասն օր առաջ է իրավական կարգավիճակ ստացել:

Այն Հայաստանի սփյուռքի նախարարության ու Հայ բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ զբաղվելու է Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների համակարգմամբ եւ լուծմամբ:


Կենտրոնի հիմնադիրները 27 սիրիահայեր են: Այն գտնվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հատկացված գրասենյակում: Կազմակերպության նախագահը հալեպահայ Լենա Հալաջյանն է, ով ընտանիքով արդեն երեք ամիս է գտնվում է Հայաստանում:

Հալաջյանը Սփյուռքի նախարարի ներկայացուցիչն էր Հալեպում: Նորաստեղծ կազմակերպության նախագահն ասում է, որ Սիրիայում կառավարության ու ընդդիմադիրների միջեւ տեղի ունեցող բախումները ստիպեցին սիրիահայերին երկարաձգել իրենց հետդարձը Սիրիա: Սա էլ պատճառ դարձավ մի շարք խնդիրների կուտակման, որոնց լուծման համար էլ սիրիահայերը համախմբում են իրենց ջանքերն ու նորաստեղծ կազմակերպության միջոցով այդ խնդիրները բարձրացնում տարբեր կառույցների, այդ թվում եւ Հայաստանի կառավարության առջեւ:

Հալաջյանի խոսքով` մի շարք խնդիրներ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում: Աշխատանքի, բնակարանի, սննդի ու հագուստի, ինչպես նաեւ սիրիահայ ուսանողների ուսման վճարների հարցերն են, որ առաջնային լուծման կարիք ունեն:

Հալաջյանն ասում է, որ հոկտեմբերին 350 սիրիահայ ընտանիքների Հայկական բարեգործական ընդհանուր միությունը 60.000-ական դրամ է հատկացրել բնակարանային վարձերի համար: 200 սիրիահայ ուսանողներ էլ ուսման վարձերի վճարման դժվարություններ ունեն, ուստի նորաստեղծ կազմակերպությունը մտադիր է դիմել Հայաստանի կառավարությանը` գոնե մեկ տարով չեղյալ համարել ուսման վարձերը:

Օգնության կարիք ունեն նաեւ գործարարները: Սիրիահայերի նորաստեղծ կազմակերպության ղեկավարը կարծում է, որ կառավարության կողմից մեծ օգնություն կլինի նրանց մեկ տարով հարկային արտոնություններ ընձեռելը:
Նորաստեղծ կազմակերպությանը նյութական ու տեխնիկական աջակցություն են ցուցաբերել մի շարք կազմակերպություններ` «ՎիվաՍել»-ը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ այլն:

Երեք ամիս առաջ Դամասկոսից Հայաստան եկած Ջորջ Բարսեղյանը մասնագիտությամբ բժիշկ է: Դամասկոսում սեփական հիվանդանոցն ուներ: Սփյուռքի նախարարության միջնորդությամբ Երեւանում նրան աշխատանքի են տեղավորել հիվանդանոցներից մեկում: Թեեւ այստեղ աշխատավարձը ցածր է, բայց Ջորջը չի բողոքում. - «Այնքան որ ես ինձ բժիշկ զգամ: Այլապես նյութական վարձատրությունը չոր հացի համար չի բավականացնում»:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ աշնան ամիսներին Հայաստան ժամանած սիրիահայերը աշնան ամիսներին առավել շատ են դիմում իրենց խնդիրների լուծմամբ, քան մի քանի ամիս առաջ: Եվ, ի տարբերություն ամռան ամիսների, երբ ակտիվացավ նրանց հոսքը Հայաստան, այժմ արդեն Սիրիայում ունեցվածք, աշխատանք թողածները համաձայն են աշխատել ցածր աշխատավարձով:

Հայաստանում գտնվող 5000 սիրիահայերից 3000-ն անգործ է:
XS
SM
MD
LG