Մատչելիության հղումներ

Գալիք նախագահական ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցությունը գործող նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու է դեկտեմբերի 15-ին կայանալիք արտահերթ համագումարում:

ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ ուշ երեկոյան ավարտված ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին փոխանցեց նաեւ, որ նիստը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Համագուրամը կլինի դեկտեմբերի 15-ին, օրակարգում կլինի Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման հարցը», - հայտարարեց Շարմազանովը:

Նա տեղեկացրեց, որ գործադիրի նիստում վարչապետի փոփոխության հարց չի քննարկվել եւ ընդհանրապես այդ հարցը բացակայում է Հանրապետական կուսակցության քաղաքական օրակարգում:

Արձագանքելով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությանը, թե Հանրապետականը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին փոխվարչապետի պաշտոն է խոստացել` Շարմազանովն ասաց, թե նշվածը իրականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք՝ օրերս Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ սահմանադրական հանրաքվեի միջոցով փոխվարչապետերի թիվն ավելացնելու հարցը օրակարգում է, եւ դրա շուրջ քննարկումներ են ընթանում։ Ինչից հետո մամուլը գրեց, թե նոր փոխվարչապետերի կամ փոխվարչապետի պաշտոնը, հավանաբար, նախագահական ընտրություններից հետո տրվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Հարցին, թե արդյոք Հանրապետականը պատրաստ է Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության մեջ մտնել կամ համագործակցել, Շարմազանովն արձագանքեց. - «Մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր այն քաղաքական ուժերի հետ այն քաղաքական առաջարկների շրջանակներում, որոնք կոռեկտ են եւ բխում են պետության եւ ազգային շահերից»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG