Մատչելիության հղումներ

Սիրիայում կրոնական տոնի առթիվ ժամանակավոր հրադադար է հաստատվել


Նախագահ Բաշար ալ-Ասադը (կենտրոն) աղոթում է մահմեդական տոնի առթիվ, Դամասկոս, 26-ը հոկտեմբերի, 2012
Նախագահ Բաշար ալ-Ասադը (կենտրոն) աղոթում է մահմեդական տոնի առթիվ, Դամասկոս, 26-ը հոկտեմբերի, 2012
Մահմեդական աշխարհում այսօր նշվող Իդ ալ Ադհա (Զոհաբերության տոն) տոնի առթիվ Սիրիայում հրադադար է: Առաջիկա չորս օրերին ռազմական գործողությունների դադարեցման մասին նախօրեին պաշտոնապես հայտարարել է սիրիական հեռուստատեսությունը:

«Սրբազան տոնով պայմանավորված` սիրիական բանակի եւ զինված ուժերի ընդհանուր ղեկավարությունը հայտարարում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ սկսած հոկտեմբերի 26-ից մինչեւ երկուշաբթի հոկտեմբերի 29-ը»։

Միաժամանակ սիրիական զինուժը հայտարարում է, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքել ապստամբների գրոհներին։ Սիրիական ազատ բանակի առաջնորդը եւս խոստացել է պահպանել հրադադարի ռեժիմը` իր հերթին Ասադի ռեժիմից պահանջելով ազատ արձակել գերեվարված ապստամբներին։

Այդուհանդերձ այնպես չէ, որ ողջ երկրով մեկ է այսօր պահպանվել խաղաղությունը. բախումների մասին հյուսիսից են հաղորդագրություններ ստացվում, Հոմսում եւ Իդլիբում դիպուկահարների կրակոցներից են մարդիկ սպանվել։

Պետական հեռուստատեսությունն այսօր ցուցադրել է նախագահ Բաշար ալ-Ասադին, ով Դամասկոսի մզկիթներից մեկում մասնակցել է ուրբաթօրյա աղոթքին: Հոգեւորականը աղոթքի ընթացքում կոչ է արել սիրիացներին հաշտվել, քանի որ բոլորը եղբայրներ են։ Առհասարակ շատ մահմեդական երկրների հոգեւոր առաջնորդներ են այսօր սիրիացիներին խաղաղության հորդորներ ուղղել։

Այս նախաձեռնության միջազգային բանագնաց Լախդար Բրահիմին հայտարարել է, թե չորսօրյա հրադադարը կարող է վերջ դնել 19 ամիս շարունակվող արյունահեղությունը: Սա փաստորեն առաջին հաջողված փորձն է թեկուզ կարճ ժամանակով դադարեցնել ռազմական գործողությունները։

ՄԱԿ-ը եւս շտապել է հույս հայտնել, որ կրակը դադարեցնելու արդյունքում հնարավոր կլինի բանակցություններ սկսել մարտնչող երկու կողմերի միջեւ: Կառույցի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի խոսնակ Մարտին Նեսիրկին ողջունել է այս նախաձեռնությունը՝ կոչ անելով կողմերին հավատարիմ մնալ հրադադարի մասին խոստումներին:

«Ողջ աշխարհն է հիմա հետեւում, թե ինչպես կզարգանան իրադարձությունները ուրբաթ օրը։ Սա բոլորի շահերից է բխում, ոչ միայն բազմաչարչար սիրիական ժողովրդի, որը սպասում է, թե տոնի առթիվ կրակոցները կլռեն», - ասել է Նեսիրկին:

Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի բանբեր Ժիրայր Ռեիսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իսկապես Հալեպում այսօր խաղաղ է:

«Քաղաքում հանդարտ է, կրակոցի ձայներ չկան, պայթյուններ չկան, բայց երբեմն հեռվից ձայներ լսվում են: Թեեւ քաղաքը եռուզեռի մեջ չէ, հատկապես այս դեպքերի բերմամբ մարդիկ չեն կարողանում այս տոնական օրերը վայելել, սակայն հանդարտությունը ինքնին որոշ չափով ժողովրդի համար հանգստություն է», - ասաց Ռեիսյանը:

Հայ համայնքում, ինչպես փոխանցեց, Ռեիսյանը, լավատեսական տրամադրություններ կան` կապված այս ժամանակավոր հրադադարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG