Մատչելիության հղումներ

Ադրբեջանը վրդովված է, Ղարաբաղը` ոգեւորված


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերում:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերում:

Բաքուն պարզաբանում է պահանջելու Ավստրալիայից։

«Պատգամավորները հայկական լոբբիի պատվերն են կատարում»

Ադրբեջանին խիստ զայրացրել է Ավստրալիայի ամենամեծ նահանգի` Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի վերին պալատի` Օրեսնդիր խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու որոշումը։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաեւը հայտարարել է, թե պարզաբանումներ ստանալու համար Բաքուն պաշտոնական դիմում կներկայացնի Ավստրալիայի իշխանություններին։

Նա պնդում է, որ պաշտոնական Կանբերան երբեւէ կասկածի տակ չի առել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։

Ըստ APA-ի, օրինագիծը ներկայացրել է հայամետ պատգամավոր Մարի Ֆիկարոն։

«Դժբախտաբար, նահանգի օրենսդիր մարմնի որոշ պատգամավորներ` իրենց շահերից ելնելով, հայկական լոբբիի պատվերն են կատարում: Այս բանաձեւը ոչ մի դեպքում չի արտահայտում Ավստրալիայի ֆեդերատիվ իշխանության տեսակետը։ Ավստրալիայի կառավարությունը բազմիցս է իր քաղաքացիներին հորդորել` չայցելել գրավված Լեռնային Ղարաբաղ», - ասել է խոսնակ Աբդուլաեւը։


«Ճանաչումը նոր փուլ է մտնում»

Ճանաչման թեման մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Ստեփանակերտում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Լուսինե Մուսայելյանի հետ զրույցում նա շատ բարձր է գնահատել այդ փաստը։

«Սա, իհարկե, շատ մեծ իրադարձություն է ե՜ւ քաղաքական, ե՜ւ բարոյական առումով։ Փաստորեն, Արցախի անկախությունհը ճանաչվում է արեւմտյան աշխարհի կողմից», - ասել է Դավիթ Բաբայանը։

Նրա փոխանցմամբ, Նոր Հարավային Ուելս նահանգը սոսկ վարչական միավոր չէ Ավստրալիայում։ Այդ նահանգը ժամանակակից Ավստրալիայի կորիզն է, Ավստրալիայի անկախացումը եւ ձեւավորումը սկսվել է հենց Նոր Հարավային Ուելսից, որի շուրջ են միավորվել մնացած նահանգները։ Մայրաքաղաք Կանբերան է այնտեղ, թեպետ այն ունի դաշնային կարգավիճակի մայրաքաղաք։

«Մեր հանրապետության ճանաչման գործընթացը նոր որակ է ստացել, մտել է որակական նոր փուլ։ Եվ եթե այն ճանաչում է Ավստրալիայի կարեւորագույն նահանգներից մեկը, ապա հետագայում կճանաչեն նաեւ այլ նահանգներ, այլ պետություններ», - ասել է Դավիթ Բաբայանը։

Նախագահ Բակո Սահակյանի խոսնակը ընդգծել է, որ ճանաչումը հնարավոր է դարձել Հայաստանի, Ղարաբաղի եւ Սփյուռքի համատեղ ջանքերով։ Նա նշել է նաեւ, որ այս հարցում շատ մեծ դերակատարություն է ունեցել ՀՅԴ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG