Մատչելիության հղումներ

Ոսկու գործը սիրիահայերին «ոսկի» չի բերում


Ոսկու գործը սիրիահայերին «ոսկի» չի բերում
please wait

No media source currently available

0:00 0:02:53 0:00
Հայաստանում ութ տարի առաջ հաստատված հալեպահայ Տիգրան Մքուչյանը օգնության ձեռք է մեկնել սիրիական պատերազմի պատճառով Սիրիան լքած իր հայրենակիցներին եւ իր ոսկերչական փոքր արհեստանոցում նրանցից երկուսին աշխատանքի է ընդունել:

Մքուչյանի արհեստանոցը Երեւանի «Ոսկու աշխարհ» ընկերության շենքի տարածքներից մեկում է գտնվում: Այնտեղ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ աշխատում են երիտասարդ ոսկերիչներ Սարգիս Քասարյանը ու Րաֆֆի Քրդոքյանը: Նրանք մեկ ամիս առաջ են Երեւան եկել: Ոսկերիչները թեեւ այլեւս անգործ չեն, բայց դեռ այնքան էլ գոհ չեն աշխատանքի պտուղներից: Ասում են` պատվերներ քիչ ունեն: Քասարյան, ով Հալեպում սեփական արհեստանոցն ուներ, ասում է որ այնտեղ գործը թեթեւ էր, բայց կարողանում էին շատ լավ ապրել:

«Շաբաթը 1-2 կիլոի գործ էինք անում, սպառումը այնտեղ մեծ էր, իսկ այստեղ շաբաթը կարող է 10 գրամ լինի, կարող է 50 գրամ լինի, մաքսիմում 100 գրամ», - ասում է նա:

Քասարյանը Երեւանում բնակվում է կնոջ հայրական տանը: Քանի դեռ քիչ թե շատ կայուն եկամուտ չի ստանում, վարձով բնակարան չեն կարող տեղափոխվել:

«Մինչեւ ե՞րբ պիտի զոքանչի տանը մնանք, չեմ ասում, որ գոհ չեմ իրանց տնից, ուղղակի ուզում եմ, որ իրենց համար հանգիստ լինի», - դժգոհում է երիտասարդը. - «Եթե լավ չլինի [գործերս], ուզում ենք Եվրոպա գնալ, եթե թույլ տան: Հիմա սիրիացիներին արդեն վիզա չեն տալիս, հայկական անձնագիր պիտի անպայման ունենանք: Մինչեւ հիմա անձնագրի կարիքը չեմ ունեցել, բայց հիմա մտածում, որ վիզաների համար դիմեմ, որպեսզի կարողանանք դուրս գնալ: Իսկ եթե մեր քաղաքում իրավիճակը լավանա, անշուշտ կվերադառնանք»:

Քասարյանը ընտանիքին ապագան գոնե հիմա Հայաստանի հետ չի կապում: Ասում է, թե ստիպված են Հայաստան եկել: Կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է ինչ-որ կերպ աջակցի Հայաստանում սեփական բիզնեսը բացող սիրիահայերին:

«Գոնե մի հատ գործ լինի, աշխատենք, մնացածը հեշտ է լինելու, կարող ես տուն էլ վարձես, ամեն ինչ էլ անես: Շատ մարդկանց գիտեմ, որ ուզում են Սիրիայից այստեղ գալ, գործ դնել, գալիս, ասում են` այստեղ գործ չի կարող լինել», - ասում է նա:

Րաֆֆի Քրդոքյանը եւս նույն խնդիրներն ունի: Նրա համար եւս առաջնայինը բնակարանի ու աշխատանքի հարցն է:

«Արդեն մի ամիս է այստեղ եմ, տուն եմ փնտրում, երեկ հազիվ գտա: Քանի տուն նայեցինք, շատ բարձր են գները, ամենաքիչը 70 հազար դրամ է վարձը: Քանի տուն նայեցինք, ասում էին` արտասահմանցի եք, տունը չենք տա: Չգիտեմ ինչու: Երեկ հազիվ մի տուն գտա` 70 հազարով, փոքր, մի սենյակ…», - պատմեց Քրդոքյանը:

Թեեւ Սիրիայում առկա վտանգներին, Քրդոքյանի ընտանիքը Հալեպում է մնացել: Ասում է` գումար չկա, որ կարողանա նրանց եւս Հայաստան բերել:

«Շատ վտանգավոր է այնտեղ մնալը, բայց ի՞նչ անենք, ձեռքներից ի՞նչ է գալիս: Ես հիմա տեղավորվեցի, տեսնեմ, գործ անեմ, դրամ շահեմ, որ իրենց կարողանամ բերեմ, եթե հիմա բերենք, ի՞նչ անենք», - հարցնում է նա:

Երիտասարդ ոսկերիչներն ասում են, որ Հայաստանի սփյուռքի նախարարությունը գրանցում է սիրիահայերի խնդիրները, բայց դրանց ամբողջական լուծում տալ չի կարողանում: Ու եթե չլիներ հալեպահայ Տիգրան Մքուչյանըը, իրենք եւս անգործ էին մնալու:

Սփյուռքի նախարարության տվյալներով, Հայաստանում գտնվող 5.000 սիրիահայերից 3.000-ը աշխատանքի կարիք ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG