Մատչելիության հղումներ

Ոլորտի խնդիրներին անդրադառնալու նպատակով 2011 թվականին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից նախաձեռնվեց էլեկտրոնային առեւտրի բնագավառում պետական քաղաքականության եւ իրավական դաշտի բարեփոխումների ծրագիր, այնուհետեւ 2011 թվականին ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը կոորդինացնում էր ծրագրի աշխատանքները:

Տարիներ առաջ Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման եւ զարգացման նպատակով ստեղծված «Արմենիան Քարդ»-ի տրամադրած տվյալների համաձայն` 2012-ի հունվար ամսից մինչեւ հոկտեմբեր ամիսը «ԱրՔա» համակարգի առցանց վաճառակետերում իրականացվել է 8,924,643 դրամի 611,882 գործարք: Նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի նկատմամբ ծավալն աճել է 61.5%-ով, իսկ քանակը` 57.3%-ով: Այս ոլորտի ցուցանիշների աճն ունի դինամիկ բնույթ եւ ամսեամիս գրանցվում է զգալի աճ:

«Էլեկտրոնային առեւտրի ներկայիս ընթացակարգի համաձայն` եթե արտերկրից պատվիրված ապրանքը չի գերազանցում 150.000 դրամի սահմանն ու 20 կիլոգրամը, ապա սպառողը կարող է ստանալ ապրանքը առանց մաքսազերծման եւ հավելավճարի: Սակայն այս արտոնությունից կարելի է օգտվել միայն տարին երկու անգամ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Էլեկտրոնային առեւտրի կազմակերպման ծրագրի պատասխանատու Արմինե Շահբազյանը եւ հավելեց, որ ծրագրի ներդման դեպքում ապրանքների ներկրման ոլորտում սպառողը փոփոխություն չի զգա, սակայն նախատեսվում է կարգավորել արտահանման գործընթացն ու ավելի մատչելի դարձնել այն:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանի հավաստմամբ` էլեկտրոնային առեւտուրը Հայաստանում կարեւորվում է տարբեր բնագավառներում, հատկապես` տուրիզմի եւ կոմունալ վճարումների:

Իսկ ինչ վերաբերում է էլեկտրոնային առեւտրին, որի շնորհիվ սպառողը գնումներ է իրականացնում արտերկրից մատչելի գներով պատվիրելով իր ուզած ապրանքը, Հովհաննես Ավոյանը ասաց. - «Փաստորեն ամբողջ աշխարհը դառնում է մեզ համար հասանելի: Շատ են շահում սպառողները: Չեմ կարծում, որ տեղի ընկերությունները, խանութները տուժում են դրանից, որովհետեւ իրենք ունեն հնարավորություն մեծածախ առեւտրի եւ մեծածախ տեղափոխումների»:

XS
SM
MD
LG