Մատչելիության հղումներ

ԼՂ-ն Փարիզյան բանակցություններում Ադրբեջանից «նորմալ քայլ» չի ակնկալում


«Հաշվի առնելով ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած խայտառակ զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վաղվա հանդիպումից որեւէ արդյունք ակնկալել հնարավոր չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Արդեն հաղորդվել է, որ օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից Սաֆարովի արտահանձնումից եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելուց ի վեր առաջին անգամ վաղը Փարիզում, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակի, այդ հանդիպումն, առաջին հերթին, կարեւորվում է հանգամանքով, որ միջնորդ երկրները փորձ են անում վերականգնել երկխոսությունը:

Բաբայանի խոսքով, այդ հանդիպման բուն փաստը, իբրեւ խաղաղ կարգավորման գործընթացի շարունակություն, իհարկե էական է: Սակայն, այս փուլում, վերջինիս ձեւակերպմամբ, Ադրբեջանից որեւէ նորմալ քայլ ակնկալելն անհնար է: Ուստի, հիմա շատ բան կախված է միջնորդներից, որոնք Ադրբեջանին պետք է հասկացնեն, որ կարգավորման ցանկացած ուժային տարբերակ իրենց համար անընդունելի է:

«Պետք է հստակ հայտարարեն, որ ցանկացած ուժային տարբերակ՝ հակամարտության կարգավորման, ուղղակի անընդունելի է, քանի որ Ադրբեջանի բոլոր այդ քայլերը ոչ այլ ինչ են, քան բանակցային խաղաղ գործընթացի տապալում։ Հետեւաբար, իմ կարծիքով, միջնորդ երկրների հիմնական մեսիջը հենց դա է լինելու, որ անընդունելի են համարելու ուժային ցանկացած տարբերակ», - նշեց ԼՂ նախագահի խոսնակն ու հավելեց, որ նրանք այդ բանը պետք է անեն ոչ միայն Սաֆարովին առնչվող դեպքերի համատեքստում․ - «Ադրբեջանը բացեիբաց քարոզում է նացիզմը, իսկ սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամի համար, թեպետ ոչ մշտական, անընդունելի է»։

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանի գնահատմամբ եւս, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների փարիզյան հանդիպումից որեւէ ակնկալիք հնարավոր չէ ունենալ, քանի որ կողմերի դիրքորոշումները ոչ միայն չեն փոխվել, այլ ավելի են կարծրացել: Սաֆարովին առնչվող զարգացումները, ըստ վերլուծաբանի, ցույց տվեցին, որ Ադրբեջանը պարզապես պատրաստ չէ որեւէ լուրջ քայլի:

«Սակայն արդյոք նման հանդիպման բուն փաստն ինքնին դրական չէ ՝ թեկուզեւ խաղաղ գործընթացի շարունակականությունն ապահովելու առումով», - այս հարցի պատասխանը Վարդանյանի համար միանշանակ չէ: Մեզ հետ զրույցում փորձագետը նշեց, որ մարդասպանին ներելուց եւ հերոսացնելուց հետո հայկական կողմն իր մոտեցումներում, այնուամենայնիվ, ինչ որ բան պետք է փոխի․ - «Որովհետեւ շատ հնարավոր է, որ հակառակը՝ նման բանակցությունները իրականում նպաստում են, որ Ադրբեջանը վերջիվերջո ավելի լուրջ մտադրություններ ունենա պատերազմ սկսելու առումով։ Սա վիճելի խնդիր է։ Բայց ամեն դեպքում միջնորդները երեւի կարծում են, որ սա ավելի դրական գործընթաց է, քան որ ընդհանրապես բանակցություն չի լինի կամ այլ գործընթացներ սկսվեն»։

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, արտգործնախարարների փարիզյան հանդիպումը, առաջինը լինելով Սաֆարովին առնչվող զարգացումներից հետո, անշուշտ, կարեւոր է, քանի որ ավելի լավ է բանակցային գործընթաց, քան ռազմական գործողություններ: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա, ինչպես Կիրակոսյանը նշեց մեզ հետ զրույցում, այդ հանդիպման ժամանակ պետք է ավելին սպասել միջնորդներից, քան արտգործնախարարներից:

«Նկատի ունեմ, որ միջնորդներն այդ հանդիպման ժամանակ պետք է հստակ ձեւակերպեն միջազգային հանրության հիասթափությունը՝ կապված բանակցային գործընթացի հանդեպ Ադրբեջանի անլուրջ վերաբերմունքի հետ», - մեզ հետ զրույցում նշեց Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարը։
XS
SM
MD
LG