Մատչելիության հղումներ

«Անին երբեմնի հզոր հայկական կայսրության կենտրոնն էր», - նշում է թուրքական գործակալությունը։

«Թուրք գիտնականները պատրաստվում են հաջորդ տարվանից նոր պեղումներ սկսել Թուրքիայի ամենատպավորիչ տուրիստական կետերից մեկում` հնագույն հայկական Անի քաղաքի տարածքում», - տեղեկացնում է թուրքական պաշտոնական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ` այս աշխատանքներն իրականացվելու են երկրի արեւմուտքում գտնվող Դենիզլի քաղաքի «Փամուկկալե» համալսարանի հնագետների կողմից: Նրանք, Կարսի նահանգապետարանի Մշակույթի եւ զբոսաշրջության գործակալության ղեկավար Հաքան Դողանայի փոխանցմամբ, արդեն իսկ բանակցում են Թուրքիայի մշակույթի նախարարության հետ` Անիում պեղումներ իրականացնելու պաշտոնական թույլտվություն ստանալու նպատակով:

«Անին երբեմնի հզոր հայկական կայսրության կենտրոնն էր, ուներ 100-ից 200 հազար բնակիչ` հանդիսանալով այդ ժամանակաշրջանի խոշորագույն քաղաքներից մեկը», - գրում է «Անադոլու»-ն` տեղեկացնելով, որ միայն անցած տարի Անի է այցելել շուրջ 22 հազար զբոսաշրջիկ: «Նրանց 60 տոկոսը օտարերկրացիներ են, նրանց համար Անին, ըստ ամենայնի, գրավիչ է որպես տարբեր կրոնների միախառնման կետ, քաղաք, որտեղ ժամանակին ապրում էին տարբեր կրոնների, մշակույթների, ռասաների ներկայացուցիչներ», - «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում նշել է Կարսի նահանգապետարանի ներկայացուցիչ Հաքան Դողանայը` չթաքցնելով, որ տեղական իշխանությունները նպատակ ունեն Անիում իրականացվող աշխատանքների ակտիվացման շնորհիվ ավելացնել տուրիստների հոսքը:

«Ակնհայտ է, որ մենք պետք է աշխարհին մատուցենք համաշխարհային նշանակություն ունեցող այս քաղաքը որքան հնարավոր է արագորեն», - նշել է Դողանայը:

«Վերջին ամիսներին եւս Անիում որոշակի աշխատանքներ են իրականացվել, մասնավորաբար` 2012 թվականի հունիսի կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված սափորները, կավե սպասքի կտորտանքն ու մարդկանց ոսկորները տեղափոխվել են հատուկ մի պահեստ», - նշում են թուրք պաշտոնյաները:

Ի դեպ, թուրքական իշխանությունները առաջին անգամ Անիի հանդեպ լուրջ ուշադրություն դարձրեցին մոտ 20 տարի առաջ: 1989-ից սկսած այստեղ մաքրման որոշակի աշխատանքներ էին իրականացվել, որոնք, սակայն, դադարեցվեցին 2005-ին եւ վերսկսվեցին միայն 2009-ին` հայ - թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկին զուգահեռ: 2010-ին արդեն Անին հայտնվեց խոշոր քաղաքական սկանդալի կիզակետում, երբ թուրք ազգայնականների առաջնորդ Դեւլեթ Բահչելին իր կողմնակիցների հետ ուրբաթօրյա նամազ անցկացրեց Անիի հայկական Մայր տաճարի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG