Մատչելիության հղումներ

logo-print

Գալուստ Սահակյանը հավանական է համարում ՀՀԿ - ԲՀԿ նոր հուշագիրը


Գալուստ Սահակյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Գալուստ Սահակյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

«Որովհետեւ արդեն իսկ մի ճանապարհ անցել ենք ԲՀԿ-ի հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հանրապետականի փոխնախագահը։

Փոխվարչապետների պաշտոնների ավելացման հետ կապված փոփոխությունների նպատակով սահմանադրական հանրաքվեի անցկացման մասին «նույնիսկ կուլիսային խոսակցություններ չկան»։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

«Տեսակետ է` արտահայտվել է», - ասաց Սահակյանը ի պատասխան հիշեցման, որ նման հանրաքվեի հնարավորության մասին օրեր առաջ խոսել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ որի` նման հարց օրակարգում կա։ «Ես կարծում եմ, որ կոնկրետ մեր բարձրագույն մարմնում նման հարց չի քննարկվել եւ ոչ էլ օրակարգի հարց է դարձել», - հավելեց իշխող կուսակցության փոխնախագահը։

«Իսկ անհրաժեշտություն կա՞ փոխվարչապետների պաշտոններն ավելացնելու, եւ ո՞րն է դրա նպատակը», - այս հարցին Գալուստ Սահակյանը արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ պիտի դա վերլուծվի, քննարկվի, ու գնահատականներ տալ, ինչո՞ւ չէ` կարելի է նաեւ ոլորտային փոխվարչապետներ ունենալ. դա կառուցվածքային փոփոխություն է, եւ, կարծում եմ, Սահմանադրության հետ կապ չունի դա` փոփոխությունները»։

Հարցին էլ` «ԲՀԿ-ի համա՞ր չի արվելու այդ փոխվարչապետի պաշտոնների ավելացումը», Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Բայց ինչո՞ւ, ինչի՞ ենք մտածում այս պահին, երբ լրիվ սցենարները չկան, որ ուղղվածություն պիտի լինի որեւէ քաղաքական ուժին»։

Երկու օր առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետը չէր բացառել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) նոր հուշագիր ստորագրի Հանրապետականի հետ, ինչի կապակցությամբ Գալուստ Սահակյանը ասաց. - «Ոչինչ չի կարելի բացառել։ Համենայն դեպս, այս պահին նման առաջադրում չկա»։

Ճշտող հարցին` «առաջադրում, այսինքն` առաջա՞րկ չկա», իշխող կուսակցության փոխնախագահը արձագանքեց. - «Առաջադրում չկա, ընդհանրապես, որեւէ կողմից առաջարկ այս պահին չկա, եւ երկրորդը` դա այդպես չէ, որ միանգամից լինի։ Խաղի կանոններ պիտի, համենայն դեպս, սկզբունքներ պիտի մշակվի, այդ սկզբունքները դեռեւս մշակված չեն»։

Իսկ թե որքանո՞վ է հավանական համարում, որ նման բան տեղի կունենա, այդ առնչությամբ Սահակյանը հայտարարեց. - «Ես հավանական եմ համարում, որովհետեւ արդեն իսկ մի ճանապարհ անցել ենք ԲՀԿ-ի հետ, եւ շատ հավանական եմ գտնում»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG