Մատչելիության հղումներ

logo-print

Փորձագետ. Եվրասիական միությունում Հայաստանի համար «ակնհայտ առավելություն չկա»


Այս օրերին Բրյուսելում քննարկումներ են ընթանում Եվրասիական միության ու դրա հնարավոր ընդլայնման շուրջ: Եվրոպական շրջանակներում կարծիքներ են հնչում, որ այս միությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երազանքն է, ինչպես նաեւ նրա փորձը` ռեալ հակակշիռ դառնալ Եվրոպական միությանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրասիական միությանը, ապա Բրյուսելում տեղակայված ԵՄ-Ռուսաստան կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ֆրեյզեր Քեմերոնը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Եվրասիական միությունը այնքան էլ լավ առաջարկ չէ Հայաստանի համար:

«Չեմ կարծում, որ հիմա սա Հայաստանի համար լավ առաջարկ է: Հայաստանը պետք է հաշվարկի իր եկամուտները այս երկրների հետ տնտեսական համագործակցության համար` որքանով է հարմար ապրանք արտահանել հենց այս երկրներ, այլ ոչ թե մեկ այլ շուկա: Չեմ տեսնում ակնհայտ առավելություն Հայաստանի համար, որ կարող է տալ Եվրասիական միությունը: Բայց Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ պետք է ինքնուրույն որոշում կայացնի», - ասում է Քեմերոնը:

Եվրոպացի փորձագետները կարծում են, որ Եվրասիական միությունը ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական նախագիծ է, եւ դրան շահագրգիռ են անդամակցել ոչ այնքան ժողովրդավար երկրները: Հայաստանը, Ուկրաինան, Մոլդովան ինքնակամ դժվար թե համաձայնեն այս գործարքին, վստահ են մասնագետները:

«Սա իհարկե ավելի շատ տնտեսական համագործակցությանն ուղղված միություն է, այդ իսկ պատճառով եթե Հայաստանի նման երկիրը ցանկանում է անդամակցել, շատ լուրջ ծախսերի եւ եկամուտների հաշվարկ պետք է անի: Բացի այդ, եթե Հայաստանն ուզում է մոդեռնիզացվել եւ դառնալ եվրաատլանտյան համագործակցության մաս, պետք է առաջնային նպատակ դնի ԵՄ հետ հարաբերություններ բարելավելը, եւ հետագայում ԵՄ-ին անդամակցելը», - ասում է Քեմերոնը:

Քարնեգի հիմնադրամում նույն թեմայով կազմակերպված քննարկմանը, որին մասնակցում էին շուրջ 120 տարբեր դիվանագետներ, փորձագետներ, քաղաքագետներ եւ նույնիսկ պառլամենտականներ, ներկա էր նաեւ ԵՄ-ում Ռուսաստանի փոխդեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով բազմաթիվ քննադատական մեկնաբանություններ լսեց Պուտինի այս նախաձեռնության հասցեին: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Հայաստանի համար շահավե՞տ է դառնալ Եվրասիական միության անդամ, Կոպիրկինը եւս պատասխանեց, որ Հայաստանն ինքը պետք է որոշում կայացնի, սակայն կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն:

«Հայաստանը պետք է դրական ու բացասական կողմերը հաշվի, սակայն որքան գիտեմ` արդեն այս հարցը լուրջ քննարկման առարկա է երկու երկրներում էլ: Իհարկե, կան բարդ խնդիրներ, որոնք պետք է կառավարությունները դնեն քննարկման: Հայաստանը ԵՄ-ի հետ է հարաբերությունները բարելավում, Ասոցացման համաձայնագիր է քննարկում, սա նույնպես պետք է հաշվի առնել: Ինչեւէ, մի բան հստակ է` Հայաստանն ու Ռուսաստանը կարեւոր ռազմավարական գործընկերներ են, եւ այդ գործընկերությունը կախված չէ նրանից, թե Հայաստանի կանդամակցի Եվրասիական միությանը, թե ոչ», - ասաց փոխդեսպանը:

Քարնեգի հիմնադրամում գիտաշխատողներից մեկի հնչեցրած այն հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանի հնարավոր անդամակցությունը համընկնում Եվրասիական միության այն դրույթին, թե բոլոր անդամ երկրները պետք է ընդհանուր սահման ունենան Ռուսաստանի հետ, խոսնակներն այդպես էլ հստակ պատասխան չտվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG